«Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ Սանկտ Պետերբուրգում քննարկել է հաջորդ տարի Հայաստանին մատակարարվելիք գազի հարցը, տեղեկացրել է ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքը։
«Քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս վիճակը և հետագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ խոսք է գնացել Հայաստանին 2019 թվականին մատակարարվելիք գազի մասին», -հայտարարել է «Գազպրոմը»:
Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվելու են՝ չնշելով, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա:
Ի դեպ, գազի թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիրտի Պեսկովը՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի հարցով բանակցությունները կակտիվանան: Պեսկովի խոսքով, Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպման ընթացքում հարցին անդրադարձ եղել է: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, քանի որ մինչև երեկ, ցավոք, ակտիվ բանակցություններ չեն եղել մեր «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև», - նշել է նա:
Պեսկովի խոսքով՝ որոշակի ժամկետներ նախանշված են, թե երբ են այդ բանակցությունները ավարտվելու։ «Դրանք կան և մենք ցայտնոտին մեջ ենք», - ասել է Կրեմլի խոսնակը։
Գազի գործող գինը սահմանված է 2013-ին ստորագրված պայմանագրով: Մինչև սահման 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով գազը, ըստ պայմանագրի, Հայաստան կարող է հասնել մինչև այս տարեվերջ: Հայ-ռուսական պայմանագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։
«Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, ուժի մեջ կլինի գազի գործող սակագինը», - «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց մյուս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Խոսնակը չբացառեց, որ բանակցությունները առաջիկա օրերին կարող են նաև չավարտվել ու շարունակվել նաև հաջորդ տարի: - «Մինչև արդյունք չլինի, բանակցությունները շարունակվելու են», - հավելեց:
«Ազատության» հարցին՝ այսինքն, քանի դեռ բանակցությունները ավարտված չեն, Հայաստանը հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարելու է 150 դոլա՞ր, Վահան Հունանյանը պատասխանեց. - «Այո»։
Ըստ Վահան Հունանյանի, գազի գնի շուրջ բանակցություններն ընթանում են տարբեր ձևաչափերով, դրանցում ներգրավված է նաև «Գազպրոմը»։
Էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը երեկ ևս մեկ անգամ պնդել էր՝ Հայաստանը ռուսների հետ բանակցում է գնի նվազեցման շուրջ: Նաև կարծիք էր հայտնել, թե գազը չի թանկանա:
Ենթադրվում էր, որ Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպմամբ կհստակեցվի՝ գազի գինը իջնում է, նույնն է մնում, թե՝ բարձրանում է։
Հանդիպումից հետո ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը տեղեկացրեց՝ գազի գնի հարցով որոշում չկա: Մոսկվայից վերադարձած Փաշինյանն այնուհանդերձ լավատես էր, որ կլինեն ցանկալի զարգացումներ, կամ, ինչպես ասաց՝ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի:
«Որոշում չկա և գազի բերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով։ Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը։ Բայց ընդհանուր առմամբ, ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի», - հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի մինչև գազային պայմանագրի ավարտը սահմանվեր սակագինը։ Քանի որ, ասաց, չի բացառում՝ Ռուսաստանը կարող է անակնկալ մատուցել և թանկացնել գազը:
«Ըստ էության, վտանգը կայանում է նրանում, որ կարող է մենք հունվարի 1-ից սկսենք գազ օգտագործել և գնել, և հետո պարզվի, որ այն շատ ավելի բարձր գնով էր, քան մենք ակնկալում էինք, քան մենք սպասում էինք։ Նաման է մի իարվիճակի, երբ գնում ես ապրանք, բայց չգիտես թե ինչքան ես վճարելու այդ ապրանքի դիմաց։ Տնտեսվարողները, օրինակ, իրենց, մասնավորոպես նրանք, ովքեր գազ են օգտագործում, բյուջեն պլանավորելիս չեն կարողանա հստակ հասկանալ, թե ինչքան նախատեսեն, որպես գազի ծախս։ Ռուսաստանը կարող է անակնկալներ մատուցել և գազի գինը թանկացնել։ Դա բացառված սցենար չէ։ Ըստ էության, միգուցե կա բանավոր պայամանավորվածություն, որ ինչ գին էլ հետո սահմանվի մինչև սահմանավելու պահը շարունակելու է գործել նույն գինը, բայց ամեն դեպքում, դե յուրե, հունվարի 1-ից հետո մենք գնելու ենք գազը չորոշված գնով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։
Հարցին՝ որ դեռ երեք օր կա տարվա ավարտին, բացառո՞ւմ է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք կբերվի այդ ընթացքում, Իոաննիսյանը պատասխանեց. «Տեսականորեն չեմ բացառում, բայց դա շատ քիչ հավանական է, որովհետև արդեն այսօր վերջին աշխատանքային օրն է թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում»։