Մատչելիության հղումներ

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ գազի գնի նվազեցման շուրջ


Հայաստանի կառավարությունը բանակցում է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» հետ՝ Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնելու ուղղությամբ։

«Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման և ներքին կառուցվածքի հետ կապված», - այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: - «Բնականաբար բանակցությունները գնում են դեպի նվազեցման կողմը, և որպեսզի բանակցության ընթացքի վրա որևէ ազդեցություն չունենանք, ինձ թվում է մի փոքր էլ սպասեք, երբ որ կավարտվեն բանակցությունները, այդ ժամանակ հանդես կգանք մանրամասներով»։

Ներկայումս «Գազպրոմը» իր դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային», Հայաստանի սահմանին գազը վաճառում է մեկ խորանարդ մետրը 150 ամերիկյան դոլարով, և նույն այդ գազը ռուսաստանյան մոնոպոլիստը, ում պատկանում է Հայաստանի գազաբաշխիչ ողջ ցանցը, բնակիչներին վաճառում է գրեթե երկու անգամ թանկ՝ այսօրվա փոխարժեքով մոտ 284 դոլարով:

Հայաստան մատակարարվող գազի գնի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ այս սեպտեմբերին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ղազախստանի համեմատ գազի գինը Հայաստանում բարձր է, ինչը մրցակցային վատ պայմաններ է ստեղծում հայաստանյան ընկերությունների համար:

«Թե ինչո՞ւ պետք է մենք սահմանի հետ կապված՝ սահմանին գազը գնվում է 150 դոլարով, մենք 300 դոլարով, նույնիսկ 380 դոլարով էինք վճարում մի քանի տարի առաջ։ Այսիւնքն, միշտ այս հարցադրումը եղել է և տարբեր բացատրություններ են տրվել մեզ, որոնք իրականում մասնագիտական լուրջ վերլուծությունից պարզվում է, որ հիմք չունեն։ Սրանք պայմանավորված են եղել հիմնականում «Գազպորմ Արմենիայի» կամ «ՀայՌուզԳազԱրդի» այն ժամանակվա ղեկավարության շատ անհաջող մենեջմենթով», - մեզ հետ զրույցում մեկնաբանեց Վահագն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG