Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Թուրքիան պատրաստ է բանակցել Patriot համակարգերի ձեռքբերման շուրջ»


Վաշինգտոնում դեռ հույս ունեն, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկումից: Այդ մասին երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն`մեկնաբանելով C-400-ների առաջին դիվիզիոնի փորձարկումները, որ թուրքական զինված ուժերը իրականացրեցին շաբաթասկզբին մայրաքաղաք Անկարայում:

«Մեզ դա մտահոգում է: Բայց մենք դեռ որոշակի հույսեր ունենք և շարունակում ենք բանակցել թուրքերի հետ: Մենք շարունակում ենք ստեղծված կացությունից ելքեր որոնել: Դրա հետ մեկտեղ հստակորեն բացատրել ենք Թուրքիայի կառավարությանը, թե որն է մեր ցանկությունը: Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կհրաժարվի այս համակարգերի լիակատար գործարկման գաղափարից», - հայտարարել էր Փոմփեոն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, սակայն, իր ամերիկացի պաշտոնակցի հետ ակնհայտորեն համաձայն չէ: Նախարարի խոսքով՝ հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի և երկրի իշխանությունները «C-400 համակարգերը չեն գնել, որպեսզի հետագայում այն պահեստներում փոշոտվի»:

«C-400 համակարգերը մեր օդային տարածքը և մեր սահմանները պաշտպանելու համար բավարար չեն: Մենք պատրաստ ենք նաև ամերիկյան արտադրության Patriot համակարգերի ձեռքբերման շուրջ բանակցել, եթե իհարկե Վաշինգտոնը հանդես գա դրանց վաճառքի երաշխիքներով», - հայտարարել է Չավուշօղլուն այսօր կեսօրին Անկարայում` Սոմալիի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով C-400 համակարգերի հարցը քննարկվել է նաև երկու շաբաթ առաջ Սպիտակ տանը`նախագահներ Էրդողանի և Թրամփի բանակցությունների ընթացքում: Թուրքական դիվանագիտության ղեկավարը արձանագրում էր, որ հակաօդային պաշտպանության ռուսական արտադրության այս համակարգերի ձեռքբերման շուրջ տարաձայնությունները զգալիորեն վնասում են Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների բնականոն զարգացմանը:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Մևլութ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ ռուսական արտադրության հակահրթիռային համակարգերը չեն ինտեգրվի Հյուսիս-ատլանտյան դաշինքի երկրների Հակաօդային պաշտպանության միասնական համակարգում, ինչը, ըստ Թուրքիայի արտգործնախարարի, մեխանիկորեն չեզոքացնում է այն վտանգները, որոնք կարող են ստեղծվել դաշինքի անդամ չհանդիսացող պետության սպառազինության ներդրման դեպքում:

«Մենք նաև առաջարկել էինք ամերիկյան կողմին համատեղ հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվեր C-400 համակարգերի շահագործման ընթացքում ծագող տեխնիկական խնդիրների ուսումնասիրությամբ: Վաշինգտոնում, սակայն, մեզ չընդառաջեցին», - նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Թուրք մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի` նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով C-400 համակարգերի շուրջ բանակցությունները Անկարայի և Վաշինգտոնի միջև շարունակվելու են արդեն հաջորդ շաբաթ: Երկու երկրների պատվիրակությունները այդ հարցը քննարկելու են Լոնդոնում` NATO-ի` դեկտեմբերի 3-ին մեկնարկող գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին Քալընը հայտարարել է Բեռլինում` արտաքին քաղաքական խնդիրներին նվիրված համաժողովի շրջանակներում:

XS
SM
MD
LG