Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ` համոզելու նրան հրաժարվել ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերման գործարքից:
Ճապոնիայի Օսակա քաղաքում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում մոտ կես ժամ տևած հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից Թուրքիայի առաջնորդին զգուշացրել է՝ ենթադրյալ գործարքը «խնդրահարույց է»։
«Լավ չէ», - ասել է Թրամփը՝ շարունակելով, - «Լավ չէ»:
Վաշինգտոնը ավելի վաղ զգուշացրել է՝ ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը կնշանակի, որ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը զրկվում է նորագույն F-35 մակնիշի կործանիչների արտադրությանը մասնակցելու հնարավորությունից: Ամերիկյան իշխանությունները նաև չեն բացառել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցները: Պաշտոնական Անկարան, մինչդեռ, բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել Մոսկվայի հետ խոշոր ռազմական գործարքից: