Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Հռոմ, հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ


Հայաստանի վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի հանդիպումը, Հռոմ, 21-ը նոյեմբերի, 2019թ․
Հայաստանի վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի հանդիպումը, Հռոմ, 21-ը նոյեմբերի, 2019թ․

Իտալիա պաշտոնական այցի շրջանակում Միլանում կայացած հանդիպումներից և միջոցառումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ժամանել է Հռոմ:

Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։

Կազելատին ողջունել է Փաշինյանի այցը Իտալիա։ Նա նշել է, որ Իտալիան հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որոնք կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար, և պատրաստ է աջակցել այդ բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով։ Մարիա Էլիզաբետա Կազելատիի խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում արդյունավետ երկխոսության շարունակմանը։ Նա նշել է, որ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և փաստաթուղթն այժմ ներկայացված է Պատգամավորների պալատի ուշադրությանը։

Իտալիայի Սենատի նախագահը նաև գոհունակությամբ է խոսել Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի, մասնավորապես, վերջին շրջանում արտահանման՝ մոտ 30 տոկոսով աճի մասին և նշել, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ։

Նիկոլ Փաշինյանը արձանագրել է Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետևից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Վարչապետը նշել է, որ այս տարի երկկողմ առևտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները, և հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է լրջագույն փոփոխությունների շրջանում, երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարացման ճանապարհով, կոռուպցիայի դեմ իրական պայքար է մղվում, ինչն էլ բերում է տնտեսական իրավիճակի փոփոխության։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ բարեփոխումների օրակարգում ԵՄ-ն ՀՀ-ի հիմնական գործընկերն է, և երախտագիտություն է հայտնել Իտալիայի Սենատին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու և Պատգամավորների պալատին հանձնելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առանձնակի վերաբերմունք ունի Իտալիայի Պատգամավորների պալատի նկատմամբ՝ 2019 թվականի ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունն ընդունելու համար։

Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը և խաղաղությանը միտված ջանքերը, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հռոմում նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի հետ:

XS
SM
MD
LG