Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Մեր տարածաշրջանում ռազմական սրացումը աղետալի հետևանքներ կունենա գլոբալ տեսանկյունից


«Մեր տարածաշրջանում ռազմական սրացումը աղետալի հետևանքներ կունենա գլոբալ տեսանկյունից: Աշխարհագրական առումով Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ տարածաշրջանի չորս ուղղություններով ահաբեկիչների ներթափանցման համար»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը Միլանում, Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։

Սա Իտալիայում միջազգային հարցերի վերլուծությամբ զբաղվող ամենահին ուղեղային կենտրոնն է՝ 85 տարվա պատմությամբ: Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի հարցի ու Ադրբեջանի քաղաքական իշխանության ռազմական հռետորաբանության մասին, ընդգծել է․ - «Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում և Իրաքում, և այժմ փնտրում են նոր տարածքներ իրենց գործողությունների համար: Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ դեպի հարավ, դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի արևմուտք»:

«Մենք անկեղծ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մեր ձգտման մեջ և պատրաստ ենք երկխոսության՝ հանուն հակամարտության այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար», - Փաշինյանը վերահաստատել է դիրքորոշումը և ցավով նշել, որ չնայած միջազգային միջնորդների ջանքերին, Հայաստանի անվտանգության ամենամեծ մարտահրավերը՝ Արցախի հարցը մնում է չլուծված , նախևառաջ այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, և միաժամանակ պնդում են, թե Արցախը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մաս:

«Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից»:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի, հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, բորբոքում են հակահայկական տրամադրություններ․ - «Ցանկացած օտարերկրացի, որն այցելում է Լեռնային Ղարաբաղ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում: Այս ցանկում արդեն ընդգրկված է ավելի քան 850 մարդ: Որևէ երկրի քաղաքացիներ, ովքեր կրում են հայկական ազգանուն կամ կասկածվում են, որ հայկական էթնիկ ծագում ունեն, չեն կարող մուտք գործել Ադրբեջան»:

Հայաստանի վարչապետը հայատյացության, իր ձևակերպմամբ, ծիծաղել դրսևորումներ է նաև ներկայացրել: Օրինակ, երբ Բաքվում վարորդը բերման է ենթարկվում պարզապես հայկական երգ լսելու համար:

Ամենաողբերգականն ու ցինիկը հայ դասընկերոջը կացնահարած Սաֆարովի դեպքն է․ - «Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, այնուհետև Հունգարիայի իշխանությունների կողմից նա արտահանձնվեց Ադրբեջանին: Դրանից հետո նրան ողջունեցին որպես Ադրբեջանի ազգային հերոս: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց, բարձրացվեց նրա զինվորական կոչումը և շնորհվեց բնակարան»։

«Չնայած այս ամենին, Հայաստանը քայլեր է ձեռնարկում հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ», - հայտարարել է Փաշինյանը ՝ հավելելով, որ նման հայտարարություն ակնկալում է Ադրբեջանից․ - «Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ»:

Փաշինյանը անօգուտ է համարել Արցախի ու Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսելը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը ժամանակին փորձել է ու բախվել լուրջ հետևանքների:

«Թանաքն արյունից լավ է»․ Հայաստանի վարչապետը խոսքը եզրափակել է քաղաքագիտության ինստիտուտի կայքում տեղադրված վերնագրերից մեկով: Փաշինյանը շեշտել է, որ այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել․ - «Անհրաժեշտ են թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG