Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիա:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցը կմեկնարկի Վենետիկից. Փաշինյանը կայցելի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա միաբանության անդամների հետ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի Dialogue on Future խորագրով քննարկմանը: Միլանում Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:
Միլանից վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հռոմում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի հետ:
Հռոմում նախատեսվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան: