Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են ծրագրերի իրականացման հարցեր


Իտալիա պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլան քաղաքում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։

Լոմբարդիայի փոխնահանգապետը նշել է, որ միջազգային հարաբերությունները հագեցած են. - «Այսօր մեր նահանգի մայրաքաղաքը՝ Միլանը, հանդիսանում է աշխարհի ամենամեծաթիվ հյուպատոսություններ ունեցող քաղաքներից երկրորդը. այստեղ, այսպես ասած, միջազգային օդ են շնչում՝ ոչ միայն ձեռներեցության, գործարար առումով, այլև սոցիալական, միջազգային հարաբերությունների առումով։ Ձեզ ողջունում եմ մեր նահանգապետի անունից, որը Չինաստանում է գտնվում այցով և կվերադառնա կիրակի օրը։ Մեր տանը չենք կարողանում հանգիստ մնալ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ հատկապես Լոմբարդիա նահանգի հետ գործակցության մեծ ներուժ կա, և դա առաջին հերթին ուզում է բիզնեսը։ «2019 թվականի ընթացքում մենք երեք իտալական մասնակցությամբ բավական լուրջ նախագիծ ենք սկսել Հայաստանում։ «Ռենկո»-ն «Սիմենս»-ի հետ համատեղ 300 մլն դոլարանոց ջերմաէլեկտրակայանի շինարարություն է սկսել։

Իմիջիայլոց, հաջորդ ուղղությունը, որ ամառը պիտի բացվի Ryanair կողմից, Գերմանիայից է։ Ես սա կապում եմ «Սիմենս»-ի ներգրավվածության հետ։ Եվս երկու կարևոր ներդրում։ Նկատի ունեմ գալիս եմ այն եզրակացության, որ երբ մենք որոշակի քաղաքական պայմաններ ենք ապահովում երկկողմանի տնտեսական հարաբերությունների համար, և երկրի ներսում մենք պայմաններ ենք ապահովում, բիզնեսը շատ արագ արձագանքում է», - ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը և Ֆաբրիցիո Սալան քննարկել են Հայաստանի և Լոմբարդիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել մեքենաշինության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, նորարարական կրթության, ստարտափերի խթանման ուղղութամբ համատեղ ծրագրերի հեռանկարներին։ Երկուստեք նշվել է, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն գործարար շրջանակների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը և կխթանեն նոր ներդրումները։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առարկայական քննարկումներ սկսել համապատասխան գերատեսչությունների մակարդակով և ակտիվ աշխատել կոնկրետ ծրագրերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG