Մատչելիության հղումներ

Փաշինյանը՝ ադրբեջանցի բլոգերին. Հույս ունեմ, որ Ալիևը կընդունի իմ առաջարկը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում, 20-ը նոյեմբերի, 2019թ., Իտալիա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում, 20-ը նոյեմբերի, 2019թ., Իտալիա

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մասնակցեց նաև Ադրբեջանը ներկայացնող բլոգեր։

Վերջինիս ևս թույլատրվեց հնչեցնել իր հարցը, որ նախաբան ուներ, թե ողջ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների «ցեղասպանությունը Հայաստանի կողմից»։ Ապա նա հորդորեց դադարեցնել պատերազմն ու «ազատել իրենց հայրենիքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող պատկերացնել, որ հայը կկարողանար մուտք գործել ադրբեջանական կողմի նմանակերպ որևէ միջոցառման, հարց տալ Ադրբեջանի որևէ պաշտոնյայի։ Ապա Փաշինյանը հայտարարեց՝ երաշխավորում է բլոգերի և նրա գործընկերոջ անվտանգությունը։

«Դուք ասացիք, որ ամբողջ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը, սա սովորական սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի կազմակերպի իշխանությունների փոփոխություն Ադրբեջանում», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ինքը խաղաղության բանաձև է առաջարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, երբ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահը կընդունի իմ առաջարկը և նույնպես նման հայտարարություն կանի», - նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա խաղաղության միակ երաշխիքն է։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ղարաբաղի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով չի կարելի խոսել, և ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ Ալիևը կընդունի իր առաջարկը՝ կրկնել այդ հայտարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG