Մատչելիության հղումներ

Փաշինյանին հարց ուղղած «բլոգերը» կապված է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ


Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում մուտք գործած և ադրբեջանցի վիդեոբլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևը կապված է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, Ոստիկանությանը կից հանրային խորհրդի անդամ է և ժամանակին անցել է քրեական գործով:

Այս տեղեկությունները դեռ 2011 թվականին հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Այն ժամանակ Աբդուլաևը լրագրողների տեսադաշտում էր հայտնվել ընդդիմության ցույցերը ցրելիս իրավապահներին օգնելու իր գործողություններով:

Աբդուլաևը վարում է ֆեյսբուքյան ATA TV էջը, որտեղ և հրապարակել է երեկվա սկանդալային իրադարձության տեսագրությունները: Համացանցում տարածված են նաև նրա լուսանկարները Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ալիևի դստեր, Ադրբեջանի արտգործանախարարի հետ: Նաև ջերմ լուսանկարներ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Միլանում երեկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Աթա Աբդուլաևը արտահերթ հարցի հնարավորություն պահանջեց, և, վարչապետ Փաշինյանի թույլտվությամբ, հնչեցրեց այն․ - «Ամբողջ ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը Հայաստանի կողմից, ե՞րբ սա կավարտվի: Պետք է ավարտել այս պատերազմը: Ազատեք մեր հողերը, խնդրում եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թույլատրեց, որ ադրբեջանցի բլոգերի օպերատորը ևս նկարահանելու հնարավորություն ունենա, և, ի պատասխան բլոգերի անհանգստության, երաշխավորեց նրա անվտանգությունը, ինչից հետո արձանագրեց․ - «Անհնար է պատկերացնել, որ հայը հնարավորություն ունենար մուտք գործել ադրբեջանական կողմի նմանատիպ որևէ միջոցառման և հարց տալ Ադրբեջանի նախագահին»:

«Ազատության» հարցին, թե անվտանգության տեսանկյունից ինչպես է գնահատում այն փաստը, որ հակառակորդ պետության ներկայացուցիչը մուտք է գործում վարչապետի հանդիպմանը հայ համայնքի հետ, Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ - «Մուտքը ազատ էր: Յուրաքանչյուրը կարող էր մուտք գործել»:

«Այսինքն, այստեղ վարչապետը իր անվտանգության աշխատակիցների թերացում չի՞ տեսնում»․ այս հարցին Հայաստանի ղեկավարի խոսնակն արձագանքեց․ - «Չէ, ես էդ բացարձակ չեմ տեսնում: Ինքը մնացած մասնակիցների նման պատշաճ կերպ էր, կարծում եմ, իրեն պահում, նաև՝ պատկառելի հեռավորության վրա։ Այդ առումով ես որևէ խնդիր, համենայն դեպս, չեմ տեսնում»:

Շուրջ 10 րոպե տևած հարցուպատախանի ընթացքում Փաշինյանը սովորական սուտ որակեց Աբդուլաևի պնդումը, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի իշխանափոխություն իրականացնի Ադրբեջանում:

«Մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»:

Վարչապետը շարունակեց՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները ուժի են դիմել՝ ցանկանալով խլել Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի այդ օրինական իրավունքը:

«Ինչպես Ադրբեջանն է հայտարարել Խորհրդային Միությունից իր անկախության մասին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն է հայտարարել իր անկախությունը Ադրբեջանից», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից հետո Ադրբեջանը սկսեց ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: - «Դուք խոսում էիք Շուշիի մասին: Շուշիից ամեն օր ռմբակոծվել են խաղաղ բնակչությանը, ռմբակոծել են կանանց, երեխաների: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընդունեց ճիշտ որոշում և կազմակերպեց իր ինքնապաշտպանությունը: Ես հպարտ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդով, որ կարողացավ պաշտպանել իրեն»:

Փաշինյանի պատասխանը համայնքի ներկայացուցիչները ընդունեցին ոգևոությամբ և դժգոհությամբ արձագանքեցին ադրբեջանցի վիդեոբլոգերի ելույթը շարունակելու փորձերին։

Վերջինս հեռանալուց առաջ բարձրաձայնեց իր անվտանգության հարցը: Նիկոլ Փաշինյանը կարգադրեց իր թիկնազորին ապահովել ադրբեջանցու անվտանգ հեռացումը:

XS
SM
MD
LG