Տնտեսական հեղափոխության մեկնարկի համար իշխանությունները երեք հիմնական ուղղություն են մշակել՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումն ու ստվերային տնտեսության դեմ պայքարը։
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվող տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ իրենց մոտեցումն արդյունավետ է. - «Այս տարի մենք սպասում ենք յոթ տոկոսին մոտիկ տնտեսական աճ, ընդ որում այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ, և այդ փոփոխությունների հիմնական մասը հենց տեղավորվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականում», - հայտարարեց նա։
Ամերիկյան առևտրի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն ընդունեց, որ թեև այս երեք ուղղությունները տնտեսության բարելավման համար պոտենցիալ ունեն, սակայն այդ պոտենցիալը մշտական չէ, այն ինչ-որ պահի սպառվելու է, և կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը խթանելու ուղղությամբ։
Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանը 2020 թվական է մտնում տնտեսական նոր գործիքակազմով՝ նկատի ունենալով հարկային փոփոխությունները, որոնք, ըստ նրա, արտահայտում են իշխանությունների պատկերացումները Հայաստանի տնտեսության ապագայի և զարգացման վերաբերյալ։
Ինչ վերաբերում է համահարթ եկամտահարկին, որը կկիրառվի հունվար ամսից, Նիկոլ Փաշինյանը նկատեց. - «Մենք ուզում ենք խթանել այն ուղղությունները, որոնց կարելի է անվանել բարձր աշխատավարձով տնտեսության ոլորտներ, որովհետև մենք գիտենք, որ էականորեն իջեցնում ենք բարձր աշխատավարձերի համար եկամտային հարկը և այդ ուղղությունը շարունակելու ենք, այս պահին 23 տոկոս համահարթ եկամտահարկ է ներդրվում հունվարի մեկից, և այդ պրոցեսը կշարունակվի, մենք առաջիկա տարիներին կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ, որոշակի իջեցում է նախատեսվում նաև շահութահարկի գծով»։
Փաշինյանը, ներդրումային դաշտի մասին խոսելով, ասաց, որ այս դաշտում հանրահայտ ու թաքնված խնդիրներ կան, որոնք գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Տնտեսության զարգացման համար ամենամեծ խոչընդոտներից մեկը, ըստ վարչապետի, թերզարգացած արժեթղթերի շուկան է, որը խնդիր է ստեղծում և՛ ընկերությունների, և՛ քաղաքացիների համար։
Այս տարվա կապիտալ ծախսերի թերակատարմանն մասին ևս անդրադարձ եղավ։ Փաշինյանի գնահատմամբ, կապիտալ ծախսերը միշտ ուղեկցվել են մի շարք խրոնիկ բնույթ ունեցող խնդիրներով, իսկ հեղափոխությունից հետո ավելացել է կոռուպցիայի դեմ պայքարի բաղադրիչը։