Մատչելիության հղումներ

Փաշինյանն ազդարարեց համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը


Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:

Վարչապետը խորհրդարանում ներկայացրեց կառավարության հնգամյա ծրագիրը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել, ձևավորված իշխանությունները լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեն:

Ըստ Փաշինյանի, դեկտեմբերի արտահերթ ընտրություններով ավարտվեց հեղափոխության քաղաքական փուլը, երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի․ - «Քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել, և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքը ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից»:

Վարչապետը հայտարարեց, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը․ - «Ազդարարում եմ Հայաստանի Հանրապետությունում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում, և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում»:

Հայաստանի տնտեսությունը այլևս չպիտի հիմնվի հանքանյութ արտահանելու վրա և կախված չպետք է լինի մի քանի մենաշնորհներից, այլ հինգ տարի անց պետք է դառնա բարձր տեխնոլոգիաներ ու նորարարություն արտադրող ու արտահանող երկրիր: Կառավարությունը, Փաշինյանի խոսքով, թվերի տեսքով արձանագրվող տնտեսական աճի քաղաքականության փոխարեն որդեգրում է տնտեսական իրական զարգացման քաղաքականություն․ - «Կարճ ասած՝ մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»:

Ինչպե՞ս են իրականացնելու տնտեսական հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքացիները փոխեցին իրենց քաղաքական վարքագիծը:

Տնտեսական հեղափոխության համար ևս անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը․ - «Տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին, և քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից»:

Վարչապետը անդրադարձավ նաև Ղարաբաղի խնդրին՝ վերահաստատելով, որ ինքը չի կարող բանակցել Ղարաբաղի ժողովրդի անունից, բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի ժողովրդին պետք է ներկայացնի տեղի ընտրված իշխանությունը: Իսկ հակափաստարկներին, թե Ադրբեջանն այդ դեպքում կարող է պնդել, որ բանակցություններին ներկա գտնվի նաև Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը, Փաշինյանն արձագանքեց, որ այն արդեն ներկայացված է, քանի որ Իլհամ Ալիևը նաև նրանց ընտրած նախագահն է։

Իսկ եթե Ադրբեջանն այլ բան է պնդում, սա արդեն մի շարք հարցեր է առաջ բերում․ - «Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել, և Ադրբեջանի ղեկավարությունը ինքն է խոստովանում, որ ինքը լիազորված չէ ներկայացնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, այստեղ հետևաբար հարց է ծագում՝ իսկ Ղարաբաղի գործող իշխանությունը արդյո՞ք լիազորված է ներկայացնել ադրբեջանական հանրության մյուս հատվածներին: Մասնավորապես, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը արդյո՞ք լիազորված է ներկայացնել Ադրբեջանի որոշակի ռեգիոնների ազգային փոքրամասնություններին, թե՞ մենք պետք է ստուգենք այդ լիազորությունը: Եվ հետևաբար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդին, ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը ընդհանրապես մասնակցում բանակցություններին: Մեր կառավարությունը շատ ուղիղ է ասում՝ մենք չունենք մանդատ և լիազորություն ներկայացնել Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրությունների չեն մասնակցում, հետևաբար Ղարաբաղի քաղաքացիները իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել խորհրդարանական ընտրություններում և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով: Սրա փոխարեն նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց Ազգային ժողովը և իրենք ունեն իրենց ներկայացուցիչները բանակցություններում ներկայանալու: Եվ ես այս քննարկումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ, իրականում համարում եմ բավական լուրջ առաջընթաց, որովհետև ես տեսնում եմ շատ կոնկրետ և՛ ձևեր, և՛ մեթոդներ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում: Եվ մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ թվում այդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ»:

Սփյուռքի հետ կապերին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ նախարարության փոխարեն լինելու է սփյուռքի հարցերով հանձնակատար, բայց ավելի կարևոր է ըստ վարչապետի երկու կարևոր հարց լուծել․ նախ մինչ օրս չկա սփյուռքի ներուժի քարետզագրում, և երկրորդ, պետք է սփյուռքը ներկայացնող մի ձևաչափ ստեղծել, որպեսզի որեւէ հարց քննարկելիս պարզ լինի, թե ում հետ են քննարկում․ - «Մենք պետք է կարողանանք ձևավորել և ձևակերպել կոնկրետ հասցե՝ արձանագրելու համար, թե Սփյուռքի հետ խոսելու համար մենք ում հետ պետք է խոսենք»:

Կառավարության կառուցվածքին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ կառավարությունում ուշագրավ վիճակ է՝ միայն մոտ 10 տոկոսն են նորերը, մեծ հատված՝ մոտ 90 տոկոսը հներն են․ - «Երբեմն ինձ բերում են տեքստեր, ես էդ տեքստը կարդում եմ, և էդ տեքստի մեջից ինձ հետ խոսում ա Սերժ Սարգսյանը: Ու ես զարմանում եմ, ասում եմ լավ, մարդիկ էս տեքստը որ գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններ չե՞ն նկատել, տեղյակ չե՞ն երկրում ինչ ա կատարվել»:

Նախկինում կոռուպցիոն սխեմաների մեջ թաթախված չինովնիկները և նախկին քաղաքացիական ակտիվիստները այժմ աշխատում են կողք-կողքի․ - «Այսինքն, երկու տարի առաջ նրանցից մեկը պայքարում էր իշխանության դեմ, մյուսը հետևից ընկած բռնում էր, հալածում էր, հիմա երկուսն էլ պետական պաշտոնյա են»:

Այս իրավիճակը, ըստ Փաշինյանի, ստեղծվել է, քանի որ բոլորին միանգամից չեն կարող աշխատանքից ազատել ու պետությունը ցնցումների ենթարկել․ - «Գերանդին չենք վերցնելու ու աջ ու ձախ չենք հնձելու»:

Հներին փոխվելու հնարավորություն կտան․ - «Յուրաքանչյուր հին նորանալու շանս պիտի ունենա՝ եթե դրա համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ, և ցանկացած նոր կարող է շատ արագ հնանալ՝ եթե երկրում չեն գործում հակակշիռների և զսպումների իրական մեխանիզմներ»:

Փաշինյանի խոսքով, խնդիրներ կան ոչ միայն հների, այլ նաև նոր կադրերի հետ․ նրանք պետք է հստակ տարանջատեն, որ գործունեության ոլորտը Ֆեյսբուքը չէ․ - «Մարդը պետական պաշտոն ա ստացել, բայց իրան թվում ա, թե ինչպես նախկինում իր գործունեության ոլորտը Ֆեյսբուքի էջն էր, հիմա էլ ա Ֆեյսբուքի էջը, և պետք է Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրելով գնա ստուգի որևէ կազմակերպություն՝ առանց մտածելու, որ էդ ստատուսը կարող ա էդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ»:

Նա շեշտեց, որ պետական ծառայության ստանդարտները պետք է բարձրացնել՝ պետական ապարատի վարձատրության հետ մեկտեղ: Կառավարությունում և Պետեկամուտների կոմիտեում խոշոր պարգևաճարները, որ շատերի «աչքն էին ծակել», ըստ Փաշինյանի, ստիպված են աշխատողներին վճարել․ - «Նալոգ հավաքելուց զրկում ենք, աշխատավարձը իջեցնում ենք, ասում ենք՝ գնա հարկեր հավաքի: Ասում ա՝ չեմ հավաքում: Ընդհակառակը, չեմ հավաքի հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը մորուքավորների չկարենա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարանա թոշակ վճարի, չկարանա աշխատավարձ վճարի, որ բունտ ըլնի: Պատկերացրեք էս յոթ ամսվա ընթացքում մեկ էլ պարզվեր, որ բյուջեն չի հավաքագրվել և հնարավոր չի թոշակ տալ: Կարո՞ղ էր լինել էդպիսի սցենար․․․ Իհարկե կարող էր: Աշխատո՞ւմ էին ոմանք, որպեսզի էդպիսի սցենար լինի․․․ Իհարկե աշխատում էին»:

Վարչապետի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարելու են, և գործիքներից մեկը հետևյալն է՝ պաշտոնյաները պետք է իրենց անունով լիազորագրեր տան իրավապահներին՝ աշխարհի տարբեր ծայրերում բանկային հաշիվները ստուգելու համար: Իսկ իրավապահ մարմինները, որ բավական ակտիվ էին հեղափոխությունից անմիջապես հետո, այժմ դարձյալ իրենց գործունակությունը ապացուցելու խնդիր ունեն․ - «Ետհեղափոխական ոգևորությունից հետո հակակոռուպցիոն պայքարը և հակակոռուպցիոն բացահայտումների մակարդակը և գործողությունը որոշակի տեղապտույտի վիճակում է հայտնվել»:

Դատական համարակարգը, ըստ Նիկոլ Փաշինյանի, առողջացման է գնում, կառավարությունը քաղաքական կամք ունի: Թեև ռիսկեր կան, որ հրահանգների սովոր դատական համակարգը այժմ ակռավարության կողմից հրահանգների բացակայության պայմաններում կարող է ուղղորդվել այլ տեղերից, սակայն այդ ռիսկերը իրենք կփորձեն չեզոքացնել:

Իսկ դատարանների գործին չեն միջամտելու․ - «Կառավարությունը հստակ որդեգրել է և հստակ պահում է իր քաղաքական պարտավորությունը՝ չմիջամտել դատական համակարգի գործերին»:


Վարչապետն ասաց, որ կառավարությունը ձգտելու է թեթևացնել արտաքին պարտքի բեռը, սակայն արդյունավետ ծախսեր ապահովելու պարագայում վարկային միջոցներից չեն խուսափի՝ հատկապես լավ ճանապարհներ ու ջրամբարներ կառուցելու համար:

Կառավարության ծրագրի քննարկումը կշարունակվի վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG