Մատչելիության հղումներ

Կառավարությունը առաջարկում է անցնել եկամտահարկի հավասար դրույքաչափի


Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկում է անցնել եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի: Եթե այժմ գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափերի համակարգը՝ 23 տոկոս մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, 28 տոկոս՝ 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ և 36 տոկոս՝ 2 միլիոն դրամից բարձր, ապա e-draft կայքում հրապարակված նախագծով առաջարկվում է բոլորին հարկել 23 տոկոս եկամտային հարկով։

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագիծը ենթադրում է եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել՝ հասցնելով 20 տոկոսի: Ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատում է՝ փաստացի եկամտային հարկի նվազեցում կա, բայց այն չի անդրադառնում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա, որոնք կազմում են 65 տոկոս։

«Ես զարմացած եմ նման առաջարկի վրա, ես գտնում եմ, որ նաև ցածր աշխատավարձ ստացողների սոցիալական վիճակը բարելավելուն միտված պիտի լիներ այս օրենսդրական փոփոխությունը, էլ չեմ ասում, որ սա փաստացի դեպի վատթարացում է գնում», - նշեց Մանե Թանդիլյանը։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը չի հերքում՝ կարճաժամկետ կտրվածքով, մինչև 150 հազար դրամ ստացողները, որոնք շուրջ 65 տոկոս են կազմում, իրենց վրա դրական փոփոխություն չեն զգալու, բայց օրենքը ուժի մեջ մտնելուց 4 ամիս անց դրույքաչափը կնվազի նաև նրանց համար:

«Բոլոր այն սցենարները, որոնք կարող էին ենթադրել եկամուտների վերաբաշխում, ենթադրում էին բյուջեի հարկային եկամուտների մեծ կորուստներ, որոնք այս փուլում կառավարությունը իրեն թույլ տալ չէր կարող», - ասաց Արման Պողոսյանը։

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար 20 տոկոս դրույքաչափ կիրառել նախագծի ընդունման պահից սկսած, քանի որ 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած նախատեսվում է առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը և ակցիզային հարկով հարկել նաև նոր ապրանքատեսակներ, օրինակ՝ գազավորված ըմպելիքներ:

Մեկ այլ փոփոխության համաձայն, որի մասին դեռ նախընտրական շրջանում խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից և գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար կվճարեն ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ: Նախագծով չափազանց մեծ է այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Դրանք են՝ խորհրդատվական ընկերություններից մինչև առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ:

«Սրանք ենթադրում են բավարար մասնագիտական կարողություններ ու հմտություններ ձեռնարկատերերի մոտ, և նրանք կարող են ինքնուրույնաբար հաշվարկել և կատարել իրենց հարկային պարտավորությունները, սա մեկ և երկրորդ՝ գործունեության այս տեսակները բնութագրվում են համեմատաբար ավելի բարձր շահութաբերությամբ», - նշեց ֆինանսների փոխնախարարը։

Հաշվապահական, իրավական և ընդհանրապես խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունները ոչ միայն չեն կարող օգտվել միկրոբիզնեսներին տրված արտոնություններից, այլ նաև շրջանառության հարկի ռեժիմից պետք է տեղափոխվեն ավելացված հարկի ռեժիմ:

Ֆինանսների նախարարությանը կից եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ Վլադիմիր Շատվերովը նշում է՝ քննարկումների նախնական տարբերակում այս փոփոխությունը չի եղել, մինչդեռ այն ռիսկեր ունի և կարող է ենթադրել այդ ծառայությունների գների բարձրացում։

«Հիմնականում շրջանառության հարկով աշխատող ընկերությունները սպասարկում են փոքր և միջին ձեռնարկություններին, որովհետև խոշորները այսպես թե այնպես արդեն աշխատում էին հարկային դաշտում։ Փոփոխությունը ենթադրում է, որ գները կբարձրանան ծառայությունների, և այդ ծառայությունների թանկացման բեռը ընկնելու է հենց ՓՄՁ-ի վրա», - ասաց Վլադիմիր Շատվերովը՝ շարունակելով. - «Մեր երկրում նմանատիպ ծառայությունը շատ կարևոր են բիզնեսների համար, որովհետև ունենք անընդհատ փոփոխվող հարկային օրենսգիրք և շատ լուրջ սանկցիաներ, որոնք ենթադրում են, որ նույնիսկ պատահական սխալի պատճառով բիզնեսը կարող է էական վնասներ կրել»։

Մանե Թանդիլյանը հավելում է. - «Տարբեր բացասական արձագանքներ կան տնտեսվարողների կողմից։ Իմ ընկալմամբ, նորից տեղի են ունեցել փոփխություններ, որոնք լայն քննարկման չեն արժանացել շահագրգիռ կողմերի հետ»։

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման ամփոփումից հետո կներկայացվի կառավարությանը: Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կհանձնվի Ազգային ժողովի դատին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG