Եկամտահարկի համահարթեցումն իրենից ներկայացնում է 45 միլիարդ դրամի հարկային եկամուտների կորուստ՝ մոտ 100 միլիոն դոլար, «Ազատության» «Ըստ էության» հաղորդման ժամանակ հայտարարեց «Ո՛չ համահարթ հարկմանը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը՝ պնդելով, որ այս նախագծով վերականգնվում է օլիգարխիան։
«Ուրեմն ստանում ենք ի՞նչ՝ ամենալավ տարում տասը տարվա մեջ, եթե 0,8 տոկոս հավելյալ աճը լինի, 56 միլիարդ դրամով ավելանում է ՀՆԱ-ն, որից, եթե 22 տոկոս հարկերի մասնաբաժնով հաշվենք, մենք ունենում ենք 12,5 միլիարդ տարեկան հարկային պլյուս, որը շատ ավելի քիչ է, քան մեր կորսված 45 միլիարդ դրամը, ինչը մեզ անհրաժեշտ է ինչի՞ համար՝ սոցիալական քաղաքականության համար, դպրոցների, առողջապահական համակարգի համար։ Արյունաքամ է լինում էդ համակարգը։ Տեսեք՝ Հայաստանում 459 դպրոց հիմնանորոգման կարիք ունի, 72 դպրոցում ջուր և ջրամատակարարում չկա, տաք ջուր չկա 1186 դպրոցում, 140 դպրոցում՝ գազամատակարարում, կոյուղի չկա 432 դպրոցում, դուք վերցնում եք սա պետության հանրային ոլորտից, հանրային ծառայություններից և նվիրում եք հարուստներին։ Ի՞նչ է դա սխալ, տեսեք՝ մեծ օլիգարխները, հին համակարգից մնացած, ապօրինի հարստացած մարդիկ ոչ միայն գույքի մեջ են պահում իրենց գումարը, նրանք պահում են ավանդների մեջ, հաշիվների մեջ, դրանից տաս տոկոս կամ հինգ տոկոս է մաքսիմում հարկվում, այսինքն՝ դուք սնում եք օլիգարխիայի հիմքը, դուք վերականգնում եք օլիգարխիան։ Ծառուկյանի կուսակցությունն ամենամեծ շահողն է լինելու դրանից՝ նա այդ խնայած եկամուտն օգտագործելու է ավելի շատ փող բաժանելու համար և վաղը-մյուս օրը իշխանությունը ձեզնից վերցնելու է», - ասաց Սողոմոնյանը։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հակադարձեց՝ իրենք էլ շատ կուզենային, որ լիներ չհարկվող շեմ, սակայն ներկա պայմաններում սա կարող է հարկաբյուջետային համակարգում լրջագույն ցնցումներ առաջացնել։
«Մենք հիմա այստեղ խոսում ենք եկամտային հարկի մասին, մեր գործընկերները խոսում են աշխատավարձի հարկի մասին։ Էն բոլոր երկրներում, որտեղ որ նշվում է, այնտեղ եկամուտը որպես կատեգորիա, որի մեջ մտնում է նաև հավելյալ՝ ավանդներից կլինի եկամուտ, կապիտալից կլինի եկամուտ, դրանք համակարգեր են, որոնք հայտարարագրվում են և, ըստ էության, հնարավորություն են ընձեռում ավելի մեծ, այսպես ասած, հարկային բեռ դնել, և դրա կոնտեքստով առաջանում է նաև հավելյալ լյուֆթ, որով դու կարողանում ես դնել չհարկվող շեմ։ Մենք բոլորս այստեղ նստած, անկախ էմոցիոնալ ձեռքով-ոտքով խոսելուց, մենք շատ կուզենայինք, որ մենք էլ ունենայինք չհարկվող շեմ, բայց, ցավոք, առկա ֆինանսական իրականությունն, այն դեպքում, որ շուրջ 90 միլիարդ դրամ է և չունենք հավելյալ ռեսուրսներ, այսինքն՝ վարկեր վերցնելու և այլն, սա կարող է լրջագույն հարկաբյուջետային համակարգում ցնցումներ առաջացնել, սա կարող է շատ խնդրահարույց մոտեցում լինի», - ասաց Մանուկյանը։
Ազգային ժողովն ուրբաթ օրը 72 կողմ և 32 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց։
Այսպիսով նոր Հարկային օրենսգրքով տարեկան մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսները կվճարեն շրջանառության հարկ՝ խուսափելով ավելացված արժեքի հարկից։ Իսկ Երևանից դուրս, մարզերում մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցողները ընդհանրապես չեն վճարի շրջանառության հարկ։ Նոր Հարկային օրենսգրքի ամենաքննարկված փոփոխությունը եկամտահարկին է վերաբերում․ այժմ գործում է եկամտահարկի 3 տարբերակ՝ 23, 28 և 36 տոկոս համապատասխանաբար մինչև 150 հազար դրամ, 150 հազարից մինչև 2 միլիոն և 2 միլիոն դրամից բարձր վաստակողների համար։ Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2023 թվականից արդեն՝ 20 տոկոս։
Կառավարությունը իր հիմնավորումներում ասում է, որ «պրոգրեսիվ հարկման համակարգի պատճառով երկրում շատերը խուսափում են գրանցել իրական աշխատավարձը, և ստացվում է, որ աշխատողների 65 տոկոսի եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ Հայաստանում ունի վարձու աշխատողների ընդամենը 0,3 տոկոսը»:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.