Մատչելիության հղումներ

Մոսկվայի դումայի կոմունիստ պատգամավորները պահանջում են փակել «մոսկովյան գործը»


Մոսկվայի դումայի կոմունիստ պատգամավոր Ելենա Շուվալովա, արխիվ
Մոսկվայի դումայի կոմունիստ պատգամավոր Ելենա Շուվալովա, արխիվ

Մոսկվայի քաղաքային դումայի նորընտիր կոմունիստ պատգամավորների անունից Ելենա Շուվալովան երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում պահանջում է փակել «մոսկովյան գործը», այսինքն՝ այն քրեական գործերը, որ հարուցվել են արդար ընտրություններ պահանջող մոսկվացի ցուցարարների դեմ:

Շուվալովան մեկն էր այն թեկնածուներից, ում օգտին ձայն տալու կոչով իր աջակիցներին էր դիմել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:

Նավալնու «Խելացի քվեարկություն» ռազմավարությունը հաջողության է հասել Մոսկվայի դումայի սեպտեմբերի 8-ի ընտրություններին՝ այսօր դումայի 45 պատգամավորներից 20-ը ընդդիմադիրներ են, նրանցից 13-ը՝ կոմունիստներ:

Շուվալովան հայտնել է, որ իր հայտարարությունը բոլոր կոմունիստ պատգամավորների միասնական դիրքորոշումն է, և որ իրենք պահանջում են նաև Մոսկվայի ընտրական հանձնաժողովի ղեկավար Վալենտին Գորբունովի հրաժարականն ու կոչ են անում Ռուսաստանի մայրաքաղաքի և դաշնային իշխանություններին՝ հետաքննել մամուլում տեղ գտած տեղեկությունները կոռուպցիայի մասին:

Ելենա Շուվալովան հայտնել է, որ կոմունիստ պատգամավորները կոչ են արել մյուս ընդդիմադիր պատգամավորներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը:

«Վեդոմոստի» պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրը, գրում է, թե այս նախաձեռնության հեղինակն է կոմկուսի Մոսկվայի քաղաքային կոմիտեն, և դրանով կոմունիստները ցանկանում են իրենց կողմը գրավել հնարավորինս շատ ընդդիմադիրների:

Հիշեցնենք՝ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել գրեթե բոլոր լիբերալ ընդդիմադիր թեկնածուներին, հուլիս կեսերից Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվում էին բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին, հազարավոր մարդկանց բերման ենթարկեցին, տասնյակից ավելի ցուցարարների դեմ քրեական գործեր հարուցեցին, նույնիսկ մի մասին արդեն դատապարտել են 2-4 տարվա ազատազրկման:

Նավալնու «Խելացի քվեարկություն» ռազմավարությունը լիբերալ ընդդիմության մի մասը քննադատել էր՝ «չի կարելի աջակցել կոմունիստներին ոչ մի պարագայում» տրամաբանությամբ, սակայն ընտրություններից հետո, երբ Մոսկվայի դումա անցած 45 պատգամավորներից 20-ը ընդդիմադիրներ են, նույնիսկ քննադատողները հայտարարեցին, թե ռազմավարությունը իրոք գործում է և կարող է օգտակար լինել նաև Պետդումայի՝ 2021 թվականին կայանալիք ընտրությունների ժամանակ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG