Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իշխանություններ որոշել են վերանայել դերասան Պավել Ուստինովի դատավճիռը


Բողոքի ակցիա Ռուսաստանում, 3-ը օգոստոսի, 2019թ.
Բողոքի ակցիա Ռուսաստանում, 3-ը օգոստոսի, 2019թ.

Ռուսաստանի իշխանությունները հանրության ճնշման ներքո որոշել են վերանայել երիտասարդ դերասան Պավել Ուստինովի դատավճիռը։ Միևնույն ժամանակ այսօր գիշերը Բուրիաթիայում անհայտ անձինք հատուկ զգեստներով և զենքերով ձերբակալել են Կրեմլից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռացնելու համար Յակուտիայից Մոսկվա քայլող շաման Ալեքսանդր Գաբիշևին:

Մոսկվայի դատախազությունն այսօր միջնորդել է փոխարինել դերասան Պավել Ուստինովի խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Մոսկվայի դատարանը երիտասարդին 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ իշխանության հանդեպ բռնության մեղադրանքով։ Ուստինովին բերման էին ենթարկել օգոստոսի 3-ին։ Այդ օրը անցնում էր հանուն արդար ընտրությունների չարտոնված ցույց։ Ուստինովը, սակայն, պնդում է, թե ցույցին չի մասնակցել, պարզապես մետրոյի կայարանի մոտ կանգնած սպասում էր իր ընկերոջը։

Համացանցում արագ տարածվել էր Ուստինովին բերման ենթարկելու տեսագրությունը, որտեղ երևում է, թե նա հանգիստ կանգնած է հեռախոսը ձեռքին, առանց պաստառների և լուռ։ Նրան արագ մոտենում են Ռոսգվարդիայի 5-6 աշխատակիցներ, քաշքշում, գցում գետնին և սկսում մահակներով ծեծել։ Ռոսգվարդիայի աշխատակիցներից մեկը, սակայն, պնդել է դատարանում, որ Ուստինովը դիմադրել է և վնասել է իր ուսը։

Ուստինովին դատապարտելուց հետո Մոսկվայում դերասանները սկսեցին Ուստինովի աջակցության համար մեծ արշավ, հետո նրանց միացան նաև լրագրողներ, ռեժիսորներ, թատրոններն ամբողջ կազմով, դասախոսներ ու ուսուցիչներ, ինչպես նաև իշխանամետ լրագրողներն ու գործիչները, մասնավորապես՝ Քսենիա Սոբչակը, Վլադիմիր Սոլովյովը։

Պավել Ուստինովին իր աջակությունն է հայտնել և դատավճիռը վերանայելու կոչով հայտարարություն է արել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար մարմնի քարտուղարը։ Ընդ որում՝ հանրությունը բողոքում է ոչ միայն Ուստինովի գործով դատավճռի դեմ, այլ նաև ընդհանրապես պահանջում է վերանայել մոսկովյան գործը։

Մոսկվայում հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին անցել էին չարտոնված բազմամարդ բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում հազարավոր մարդիկ ձերբակալվել էին, տասնյակից ավելի երիտասարդների դեմ քրեական գործեր են հարուցվել։

Այսօր Ռուսաստանի մտավորականությունը պահանջում է իշխանություններից կասեցնել այդ քրեական գործերը և ազատ թողնել արդեն դատապարտված երիտասարդներին։

Հետաքրքիր է, որ երեկ Ուստինովի գործին էր անդրադարձել Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմտրի Պեսկովի դուստր Էլիզաբետա Պեսկովան, ով գրառում էր թողելЭхо Москвы ռադիոկայանի կայքում, որտեղ ասված է, թե հնարավոր է, որ մոսկովյան գործը ուժային կառույցների դավադրությունն է Պուտինի դեմ։

Ռուսական մամուլում այս գրառումն արագ տարածում գտավ, սակայն Эхо Москвы ռադիոկայանը շատ արագ հանեց Պեսկովի դստեր գրառումը։

Ինչ վերաբերում է շամանին. Ալեքսանդր Գաբիշևը, ով ոտքով անցել է Սիբիրի մի մասը հայտարարում էր, թե Մոսկվա է գալիս Վլադիմիր Պոտինին Կրեմլից հեռացնելու համար, նա հրաժարվել էր ավտոմեքենայից և որևէ այլ փոխադրամիջոցից ու լավագույն դեպքում մայրաքաղաք կհասներ երկու տարուց։ Շամանն ասում էր, որ Աստված իրեն ասել է, թե 2021-ին պետք է Պուտինին հեռացնել Կրեմլից, քանի որ Պուտինը սատանա է։

Սկզբում՝ երեք ամիս առաջ, երբ Ալեքսանդր Գաբիշևը նոր էր սկսել իր քայլերթը իշխանությունները և մամուլը նրան լուրջ չէին ընդունում, սակայն մի քանի ամսում շամանը ձեռք բերեց բազմաթիվ աջակիցներ։ Նա երեկ արդեն հասել էր Իրկուտսկի մարզի սահման, որտեղ էլ գիշերը նրան ձերբակալել էին և տարել անհայտ ուղղությամբ։

Տեղական մամուլը գրում է, թե շամանին պետք է տեղափոխել Յակուտիա, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել, թե ինչ հոդվածով դա դեռ հայտնի չէ։

XS
SM
MD
LG