Մատչելիության հղումներ

Երևանում ու Ստեփանակերտում կարևոր ու դրական են համարում Լավրովի հայտարարությունը


Ռուբեն Ռուբինյան, արխիվ
Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունը փաստացի արձանագրում է, որ Արցախը պետք է մասնակցություն ունենա իր ճակատագրի որոշմանը։ Այսպիսի համոզմունք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» հետ զրույցում:

Արձագանքելով «Ազատության» խնդրանքին՝ մեկնաբանել երեկ Երևանում Ռուսաստանի արտգործնախարարի արած հայտարարությունը, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել», Ռուբինյանը նախ կարծիք հայտնեց, որ պետք է Լավրովի նույն օրն արած բոլոր հայտարարությունները նշել, «որովհետև սա միակ ուշագրավ հայտարարությունը չէր, Սերգեյ Լավրովը մի շարք հայտարարություններ արեց», ապա շարունակեց․ - «Մասնավորապես, նա մեջբերեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը առ այն, որ արցախյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար: Եվ սա, ըստ էության, պատասխան է Ադրբեջանի ապակառուցողական հայտարարություններին և, ըստ էության, դրանց հերքում, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի արտգործնախարարը փաստացի ասում է, որ հակամարտության հանգուցալուծումը չի կարող չներառել ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման իրավունքը։ Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր հայտարարություն է, և սա շատ կարևոր պատասխան է Ադրբեջանի ապակառուցողական հայտարարություններին», - շեշտեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկ կայացած բանակցություններից հետո Լավրովը, ով թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ էր ժամանել Հայաստան, հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել, Հայաստանը պարզապես այն չի ստորագրի:

«Ռուսաստանի արտգործնախարարը նաև խոսեց այն մասին, որ նաև Արցախի համար պետք է ընդունելի լինի հակամարտության հանգուցալուծումը, և փաստացի առանց Արցախի ձայնի չի կարող լինել հանգուցալուծում: Սա փաստացի նաև արձանագրում է, որ Արցախը պիտի՛ մասնակցություն ունենա իր ճակատագրի որոշմանը, և սա, ինչպես բոլորս գիտենք, մեր՝ հայկական կողմերի կարևորագույն դիրքորոշում է, և սա նույնպես նշանակալի է», - ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Գևորգ Գորգիսյան, արխիվ
Գևորգ Գորգիսյան, արխիվ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով, հակամարտության կարգավորման գործում Արցախի ժողովրդի կարծիքն ու անվտանգությունն առանցքային են, և այս մոտեցումն աստիճանաբար ընկալելի է դառնում աշխարհում։

«Դա, ի վերջո, փաստերի հետ հաշվի նստել էր վերջապես, որովհետև ինչ էլ լինի, առաջին հերթին Հայաստանի համար Արցախի ժողովրդի կարծիքն ու անվտանգությունն է հիմնական արժեքը, որ դրված է խաղասեղանին, և մենք որևէ կերպ դրանից հետքայլ անելու իրավունք չունենք և չենք կարող անել։ Եվ բնականաբար, առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու որևէ լուծում չի կարող լինել, և շատ ողջունելի է, որ պարոն Լավրովն արդեն հաշվի է նստում այս փաստի հետ», - ասաց Գևորգ Գորգիսյանը։

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյան, արխիվ
Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյան, արխիվ

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության կարգավորման որևէ գործընթաց իրատեսական չէ, և Լավրովի երևանյան հայտարարությունը սա էր փաստել։

«Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը նորություն չէր, այն ևս մեկ անգամ վերահաստատումն էր այն բանի, որ բնականաբար որևէ կերպ, բոլորն էլ լավ հասկանում են, որ առանց Ղարաբաղի բնակչության վերջնական համաձայնության որևէ վերջնական փաստաթուղթ կամ կարգավորման տանող շրջանակ իրատեսական լինել չի կարող, սա բոլոր ժամանակներում միշտ դիտարկված է եղել, և լուծման միակ տրամաբանական ճանապարհն է», - կարծում է Զաքարյանը։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի համոզմամբ, երևանյան հայտարարությամբ Ռուսաստանի արտգործնախարարը, փաստորեն, կոչ է արել վերականագնել բանակցությունների ամբողջական ձևաչափը՝ ներգրավելով Արցախին:

«Իրականության ընդունումն է այնպիսին, ինչպիսին որ կա և պատգամը նաև Ադրբեջանին։ Լավրովն ասել է այն, ինչ կա, ինչ պետք է ասի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան, որովհետև ակնհայտ է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ունի երկու հիմնական կողմ՝ Ադրբեջանն ու Արցախը, Հայաստանի Հանրապետությունն ստիպված ներգրավված է եղել, որովհետև մայր Հայաստանը չէր կարող անտարբեր լինել Արցախի ճակատագրի նկատմամբ», - նկատեց Դավիթ Բաբայանը։

Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ նույն օրը, ղարաբաղյան բանակցությունների մասին խոսեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր: Կողմերը պայմանավորվածություն ունեն՝ կոնկրետ բանակցությունների անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են»,- ադրբեջանական Report լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մամեդյարովը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան, արխիվ
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան, արխիվ

Արձագանքի համար «Ազատությունը» դիմեց Հայաստանի արտգործնախարարություն: «Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ», - պատասխանեց Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

XS
SM
MD
LG