Մատչելիության հղումներ

Լավրով․ Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել


Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություն արեց:

«Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել», - հայտարարեց Լավրովը՝ հավելելով, թե Հայաստանը պարզապես այն չի ստորագրի:

Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ հանդիպեցին կեսօրից քիչ անց՝ բանակցություններից հետո, որոնք Ռուսաստանի արտգործնախարարը որակեց որպես «շատ գոհացուցիչ»:

Ի դեպ, արձագանքելով հարցին, թե Մոսկվան ինչպես է վերաբերում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Երևանի առաջարկին՝ Սերգեյ Լավրովը հիշեց, որ Հայաստանի նախկին նախագահներից մեկի ջանքերի շնորհիվ էր, որ Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից:

Լավրովը, փաստորեն, ակնարկեց Ռոբերտ Քոչարյանին․ - «[Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ] Բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու սահմանեն իրենք՝ բանակցությունների կողմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող քննարկումների, հետագայում՝ բանակցությունների վաղ շրջանում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երևանը: Ցանկացած պարագայում մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առաջ մղելով այս գործընթացը՝ կարող ենք միայն հետամուտ լինել, որ այն ընդհանուր համաձայնության հունով գնա: Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության, որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Մենք ելնում ենք սրանից: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ցանկանում եմ նշել այն, ինչ այսօր մեր հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց իր հրապարակային հայտարարությունը, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի շահերը: Դժվար է վիճել այս մոտեցման հետ»:

Լավրովը արտգործնախարարություն էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որի ժամանակ Հայաստանի ղեկավարը հիշեցրել էր, թե նախորդ անգամ Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում էր երկու տարի առաջ:

«Այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել», - ըստ կառավարության լրատվական ծառայության, ասել է Փաշինյանը:

Ե՛վ Զոհրաբ Մնացականյանը, և՛ Սերգեյ Լավրովը հատուկ ընդգծեցին երկու երկրների հարաբերությունների դաշնակցային բնույթը:

Զոհրաբ Մնացականյան․ - «Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ հաղթանակներով, փոխադարձ վստահությամբ և մշակութային ընդհանուր ժառանգությամբ»:

Սերգեյ Լավրով․ - «Հայաստանը Ռուսաստանի Դաշնության՝ ժամանակի փորձությունն անցած դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը: Փաստել ենք քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը՝ այդ թվում բարձրագույն մակարդակում: Միայն այս տարի Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը չորս անգամ ենք հանդիպել, նույնքան հանդիպել են վարչապետերը»:

Լավրովը ուշադրության արժանի հայտարարություն արեց նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ նշելով, որ Ռուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների՝ ներառյալ Թուրքիայի հետ․ - «Ամեն կերպ աջակցում ենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա բոլոր խնդիրները հաղթահարվեն: Կարծեմ, 2010-ին էր, երբ մենք ակտիվ կերպով նպաստում էինք այսպես կոչված ցյուրիխյան արձանագրությունների կնքմանը, սակայն նախազգուշացնում էինք, որ պետք չէ ոգևորվել այդ գաղափարով ու հատկապես այն հաշվարկով, որ այդ արձանագրությունները ուժի մեջ կմտնեն առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման: Լուրջ կասկածներ ունեինք: Մեր հայ գործընկերները այն ժամանակ ասացին, որ կասկած չունեն՝ այդպես էլ կլինի, մեզ խոստացել են: Ցավոք, ցյուրիխյան արձանագրությունների ճակատագիրը լավ գիտեք: Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պատրաստ լինել: Դրա համար հարկավոր է երկու կողմերի շահագրգռվածությունը: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը առաջ մղենք: Որևէ հիմք չենք տեսնում՝ ենթադրելու, որ որևէ մեկը պատերազմ կսկսի այս երկրների միջև: Ամեն դեպքում, մեր ողջ քաղաքականության նպատակն է, որ այստեղ խաղաղություն, համակեցություն և փոխշահավետ փոխխգործակցություն հաստատվեն»:

Ասուլիսի ընթացքում նաև հայտարարվեց, որ առաջիկայում հուշագիր է ստորագրվելու, որը թույլ կտա ռուսաստանցի մասնագետներին մուտք գործել ամերիկյան օգնությամբ Հայաստանում հիմնված կենսաբանական լաբորատորիաներ:

Լավրովին այսօր ընդունել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

XS
SM
MD
LG