Մատչելիության հղումներ

Փաշինյան․ ԼՂ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա


Երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ վստահություն հայտնելով, որ բանակցություններում դինամիկա կա և այն շարունակվելու է:

Մոտ երկու ամսվա դադարից հետո Փաշինյանը վերսկսել է «Զրույց քաղաքացու հետ» շարքը՝ երեկվա եթերը նվիրելով Ղարաբաղի թեմայի շուրջ շահարկումներին․ - «Բարդ չձևակերպեմ, ձևակերպեմ դրա բնութագրումը: Բնութագրումը հետևյալն է: Հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ այ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը՝ ես անձամբ, չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ, կներեք եթե շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, դա նշանակում է բանակցությունները մտել են փակուղի, և ահա սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով»:

Ըստ վարչապետի, սա ղարաբաղյան հարցի շուրջ շահարկումներից վերջինն է։ Մինչդեռ Փաշինյանը նկատում է, որ չնայած հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա մշտական վտանգին, այնուամենայնիվ վերջին 1,5 տարում սահմանին համեմատաբար ավելի հանգիստ է․ - «Ցավոք սրտի, մենք այսօր էլ ունենում ենք զոհեր: Սա ինչի՞ համար եմ ասում: Ցույց տալու համար, որ ընդհանրապես ոչ մեկ չի ասում, թե Ղարաբաղի հարցը կարգավորել ենք և արդեն վերջ՝ տևական, խաղաղ կարգավորումը հասած է: Բայց, մյուս կողմից, ես կարող եմ արձանագրել, որքան էլ դա տարօրինակ թվա․ կարծում եմ, որ բանակցային գործընթացում կա դինամիկա, բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա, և այդ դինամիկան, ես լավատես եմ, որ շարունակվի: Այդ դինամիկան կզարգանա, և ըստ էության, ասել եմ, որ Աշխաբադում նույնպես զրույց ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, քննարկում ենք ունեցել»:

Փաշինյանը կրկին նշել է, թե որն է իր կառավարության մոտեցումը Արցախի հարցի կարգավորման գործում, և ինչպես են իրենք վարում բանակցությունները:

«Հարցի լուծման հնարավոր տարբերակը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար», - հայտարարել է Փաշինյանը: - «Եվ իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում»:

Ըստ «Սիվիլնեթի» մեկնաբան Թաթուլ Հակոբյանի, բանակցությունները շարունակվում են և կանգ չեն առել, տեղի են ունենում Մինսկի խմբի, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպումներ․ - «Եթե բանակցություններում չկա առաջընթաց, երբ բանակցությունները կանգ են առնում, դա պատերազմի հավանականությունը ավելի է մեծացնում, ինչի ականատեսը մենք եղանք 2016 թվականին: Հետևաբար ասել, որ այս պահին բանակցությունները կանգ են առել, դա արդար չէ: Ես ավելին կարող եմ ասել․ ոչ միայն բանակցությունները այս պահին կանգ չեն առել: Ես կարող եմ նույնիսկ ասել, որ բանակցությունների համար ստեղծվել է դրական ֆոն այն իմաստով, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը չեն օգտագործում այն ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը օգտագործել են վերջին 10-15 տարիների ընթացքում»:

Հակոբյանի խոսքով, սպառնալիքների պայմաններում բանակցային որևէ տարբերակ չի աշխատելու: Ըստ նրա, բանակցելու համար վստահության միջավայրն ու սահմանի խաղաղությունը պարտադիր պայման է, ինչը պարբերաբար խախտվում է սահմանային միջադեպերի ու ժամանակ առ ժամանակ հնչող ռազմատենչ հայտարարությունների պատճառով։

Անցնելով արդեն հաջորդ քայլին՝ սեղանին դրված ղարաբաղյան հարցի կարգավորման տարբերակների քննարկմանը՝ Հակոբյանը նշում է, թե վստահ չէ, որ Հայաստանի ներկա իշխանության համար կա փոխզիջումների ընդունելի տարբերակ․ - «Արդյո՞ք Հայաստանի այս իշխանությունները ընդունելի են համարում մի տարբերակ, որը էլի մեծ վերապահումներով ընդունելի էր համարում Սերժ Սարգսյանը: Դա կազանյան, մադրիդյան․․․ Էս պահի դրությամբ չեմ տեսնում, որովհետև, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ փոխզիջումների մասին խոսակցությունները իր վարկանիշի վրա ամենամեծ ազդեցությունն են թողնելու: Եվ ես չեմ պատկերացնում, որ Հայաստանի իշխանությունները այն հանրային վստահությունը, որ ունեին մեկ տարի առաջ՝ 70 տոկոս, հիմա իհարկե այդ տոկոսը իջել է: Այնուամենայնիվ ես չեմ պատկերացնում, որ այս իշխանությունները պատրաստ են հենց էնպես, մի օրում այդ վստահությունը նետել պատուհանից»:

XS
SM
MD
LG