Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ համայնքում կրքերը չեն հանդարտվում


Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Դեկտեմբերին կայանալիք Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությանն ընդառաջ պոլսահայ համայնքում կրքերը չեն հանդարտվում:

«Նոր Զարթոնք» շարժումը պատրիարքական ընտրությունները բոյկոտելու կոչ է արել, իսկ համայնքային մի շարք անդամներից կազմված Հանրային նախաձեռնությունը դիմել է դատարան՝ ընտրության գործընթացը կասեցնելու պահանջով:

Դժգոհության պատճառը խնդրահարույց կանոնադրությունն է, որի համաձայն պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները:

Այս սահմանափակմամբ խոչընդոտվել է Թուրքիայից դուրս ծառայող մի շարք եպիսկոպոսների առաջադրվելու հնարավորությունը:

«Նոր Զարթոնքի» անդամներից Ջան Էրզրումլուօղլուի խոսքերով, այս կանոնադրությամբ ընտրության գնալն անարդար է․ - «Քանի որ այս ընտրությունը անարդար ընտրություն է, խլված է արտերկրի սրբազանների ընտրությանը մասնակցելու իրավունքը, սա ընդունելի չէ: Ընտրությունները պետք է արդար ձևով կատարվեն: Նաև խախտված է խղճի ազատությունը: Ուստի պետք է առարկվեր»:

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ, պատրիարքական թեկնածու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը թեև համաձայն է, որ պատրիարքի ընտրության ձևը արդար չէ, սակայն, ըստ նրա, առարկելը անհայտ ժամանակով կհետաձգեր ընտրության գործընթացը, ինչը անթույլատրելի է 12 տարի առանց պատրիարքի մնացած լինելու պարագայում․ - «Առարկելը կնշանակեր, որ ընտրությունը պիտի կանգ առնի, մենք պիտի սպասեինք վաթսուն օր մեր բողոքի պատասխանը ստանալուն: Եթե չգար պատասխանը, վաթսուն օր ևս պիտի սպասեինք: Հետո ստիպված էին դատարան տալ ընդդեմ պետության: Այս դատարանները, մենք փորձառություն ունենք, անցյալում դատի է տրվել է 2010-ին, պատասխանել է 2019-ին: Եվ պետության այս անգամ տրվածը իրավական առարկելու մեծ հիմք չունի, որովհետև դա հայոց սահմանադրության համաձայն է»:

Հանրային նախաձեռնությունը, սակայն, արդարության հասնելու իրավական ճանապարհն է ընտրել, քանի որ ընտրության գործընթացը դադարեցնելու նրանց կոչերն անարձագանք են մնացել:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը ավանդաբար կարգավորվում է 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթներով: Սակայն յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետությունը սահմանադրության վրա հիմնված կանոնադրություն է ուղարկել, որով և իրականացվել է ընտրությունը:

Չնայած պատրիարքի թեկնածուների Պոլսո աթոռին ենթակա լինելու պայմանը սահմանադրության մեջ նշված է, այնուհանդերձ, ուշագրավ է, որ 1961, 1990 և 1998 թվականներին անցկացված պատրիարքական ընտրությունների ժամանակ պետության կողմից ուղարկված կանոնադրության մեջ նման սահմանափակում չի դրվել:

Նոր պատիրարք ընտրելու գործընթացը գործնական փուլ մտավ այս տարվա մարտին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո, որը 2008 թվականից ծանր հիվանդությամբ էր տառապում և ի վիճակի չէր կատարել իր պարտականությունները:

Չնայած համայնքից հնչող պահանջներին՝ թուրքական իշխանությունները տարիներ շարունակ չէին արտոնում նոր Պատրիարքի ընտրություն անցկացումը՝ հիմնավորելով, թե Մութաֆյանը դեռ ողջ է:

Դեկտեմբերի 15-ին կայանալիք ընտրություններում երկու թեկնածու է առաջադրված՝ ներկայիս պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG