Մատչելիության հղումներ

Էժանագին գռեհկաբանությո՞ւն, թե՞ նորարարական արվեստ


Դրվագ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացունից
Դրվագ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացունից

Մեծ աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասնակիցներին համացանցի օգտատերերը ինչի մեջ ասես չմեղադրեցին՝ է՛լ սատանիզմի, է՛լ ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի, է՛լ ապազգայնության:

Օրերս այս ներկայացման մասնակիցները մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց փորձ արեցին, որն ավարտվեց սկանդալով՝ զուգահեռ ընթացող մեկ այլ ցույցի մասնակից «զելյոնկա» լցրեց դերասաններից մեկի վրա:

Ներկայացումը, ըստ հեղինակների, ժամանակակից պարի ու պոեզիայի ռիթմերի սինթեզ է, 1920-ական թվականների ֆուտուրիստական պոեզիայի՝ Չարենցի, Գևորգ Աբովի, Ազատ Վշտունու ստեղծագործությունների էքսպերիմենտալ վերընթերցում:

Երիտասարդին բերման ենթարկեցին, իսկ տեղի ունեցածի տեսանյութերը համացանցի հիթ դարձան՝ տարատեսակ քննարկումների առիթ դառնալով:

Այսօր էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարեց, որ ներկայացումն իրենք են ֆինանսավորել դրամաշնորհային ծրագրով՝ հատկացնելով, ոչ ավել ոչ պակաս, 2,7 միլիոն դրամ: Գումարի չափը ևս քննադատության արժանացավ:

Նախարար Արայիկ Հարությունյանն ասում է՝ հավանության արժանացած ծրագիրը ներկայացվել է որպես 1920-ականների հայ հեղինակների գործերի ընթերցանություն․ - «Արդյունքների ժամանակ կխոսենք այն ժամանակ, երբ որ նրանք, կարգի համաձայն, պայմանագրի համաձայն, կներկայացնեն իրենց ֆինանսական և բովանդակային արդյունքները, դրանից հետո արդեն նախարարությունը կարող է գնահատականներ տալ»:

Այս կամ այն ծրագիրը ֆինանսավորելու կամ չֆինանսավորելու մասին որոշումը կայացնում է նախարարի հրամանով կազմավորված գեղագիտական խորհուրդը:

«Դժվար է շատ կոնկրետ չափանիշներ սահմանել մշակութային որևէ նախաձեռնության համար, և մասնագետները իրենց փորձի, իրենց գիտելիքների, իրենց կարողությունների հիման վրա են եզրակացություններ տալիս», - ասաց նախարարը:

Այս ներկայացմանն աջակցելու որոշում են կայացրել Երևանի կոնսերվատորիայի դասախոս Լիլիթ Երնջակյանը, օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը, բալետի մենապարուհի Մարիա Դիվանյանը, երգիչ Գոռ Սուջյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ։

Նախարարի խոսքով, այս և այլ խորհուրդները որևէ ծրագրին հավանություն տալուց առաջ հաշվի են առնում բոլոր առանձնահատկությունները․ - «Մշակույթը դա մաթեմատիկա չէ, և ճշգրիտ արդյունք կանխատեսելը դժվար է: Եվ մենք մարդկանց պետք է սխալվելու հնարավորություն տանք: Սխալվելու արդյունքում շտկումներ են արվում, և տվյալ ոլորտը դրանից միայն շահում է»:

Արայիկ Հարությունյանն անկեղծանում է՝ եղել են դեպքեր, որ գնացել է իրենց իսկ ֆինանսավորմամբ բեմադրված ներկայացուցմների ու ցանկացել է գլուխն առնել ափերի մեջ և փախուստի դիմել․ - «Սա մշտական գործընթաց է»:

Նախարարի գնահատմամբ, արվեստի մասին քննարկումների ընթացքում առաջին հերթին պետք է խոսեն ոլորտի ներկայացուցիչները: Այդ պարագայում, նրա կարծիքով, այլ խմբեր չեն խոսի ու կընդունեն արվեստագետների ասածները։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը կարծում է, որ արվեստի գրաքննությունը երբեք դրական համարվել չի կարող, իսկ թե ինչն է արվեստ, ինչը՝ ոչ, ցույց է տալիս ժամանակը․ - «Եվ հիմա մենք չէ, որ պիտի արգելենք որևէ մեկին, կամ ստիպենք, որ նրանք մտածեն այնպես, ինչպես մենք ենք մտածում»:

«ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը մասնակցում էր նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը: Նա հրաժարվեց հարցազրույց տալուց՝ ընդգծելով, որ ինքը պարզապես մասնակից է, բովանդակության մասին հարցերին կարող է խորեոգրաֆը պատասխանել, իսկ վերջինս, ինչպես պարզվեց, Հայաստանում չէ։

Պերֆորմանսը քննադատեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զոհրաբյանը: Նրա բնորոշմամբ՝ տեղի ունեցածը գռեհկաբանություն էր ու անճաշակ ոռնոց, իսկ եթե որևէ արվեստագետ ասի, որ դա արվեստի հետ կապ ուներ, ինքը բանավեճի կբռնվի նրա հետ:

«Էդ էժանագին գռեհկաբանության համար պետական բյուջեից փոխանցվել են գումարներ, ինչը ես լրջորեն քննարկել եմ որպես պատգամավոր», - «Ազատությանը» փոխանցեց Զոհրաբյանը:

Նրա գնահատմամբ, այս ներկայացումը մարդու իրավունքների պաշտպանության մի շարք կոնվենցիաներ է խախտել․ - «Եթե ես իմ երեխայի հետ դուրս եմ գալիս, ասենք, «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանից, ինձ պարտադրում են տեսնել մի բան, որը չեմ ցանկանում տեսնել»:

Պատգամավորը այսպիսի միջոցառումներն արվեստ համարողներին առաջարկում է հավաքվել փակ տարածքներում և այնտեղ կազմակերպել դրանք։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG