Այսօր կառավարության որոշմամբ` Վայոց Ձորի նոր մարզպետ նշանակվեց նախկին մարզպետի հրաժարականի պատճառ դարձած ծեծի գործով մեղադրյալի փաստաբան Արարատ Գրիգորյանը։
Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը` դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով։ Պնդումները, թե մարզպետը ևս միջադեպի մասնակից էր, Տրդատ Սարգսյանը հերքեց, բայցևայնպես հրաժարական ներկայացրեց` դա բացատրելով «քաղաքական պատասխանատվությամբ»:
Նորանշանակ մարզպետն այսօր կառավարության նիստից հետո պնդեց՝ այն, որ ինքը ներկայացրել է նախկին մարզպետի թիմակցի շահերը, իրեն Տրդատ Սարգսյանի թիմակից չի դարձնում, նախկին մարզպետի հրաժարականին էլ ձևական տեսք չի հաղորդում:
«Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինչի՞ պարոն Սարգսյանի հետ իմ ունեցած, այսինքն՝ փաստաբանական աշխատանք իրականացնելու ժամանակ իմ աշխատանքի բնույթից ելնելով իրա հետ հարաբերությունը որևէ խոչընդոտ չի, եթե մտածենք՝ կարող է խոչընդոտ առաջացնել, նշանակում է մեր երկրում յուրաքանչյուր փաստաբան բացի փաստաբանական գործունեությունից որևէ այլ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի կարող ունենալ», - նշեց Արարատ Գրիգորյանը:
Նոր մարզպետը պատրաստվում է առաջիկայում դիմում ներկայացնել Փաստաբանների պալատ, իր արտոնագիրը կասեցնելու համար, քանի որ փաստաբանական գործունեությունը համատեղելի չէ մարզպետի պաշտոնի հետ: Դաժան ծեծի գործով մեղադրյալի փաստաբանը, սակայն, հարկ է համարում ընդգծել՝ ինքը ցանկացած տեսակի բռնությանը դեմ է և ամեն ինչ անելու է մարզում նման դեպքերը բացառելու համար:
«Դեմ եմ յուրաքանչյուր բռնության, իհարկե, բայց էս հարցերի հետ կապված ճիշտ կլինի, որ Քննչական կոմիտեն իրա ենթադրությունները ասի», - ասաց Արարատ Գրիգորյանը:
Երեկ լրագրողների հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ քրեական գործի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ քայլերը շարունակվում են, քանի որ միջադեպի հետ կապված հակասական իրադրություն կա:
«Մենք ստեղ հակասական իրադրություն ունենք, որ չորս զինծառայող պնդում են՝ իբրև մարզպետը այնտեղ է եղել, և ունենք մարզպետի բնակարանի, այսինքն՝ շենքի դիմաց տեղակայված տեսախցիկ, ըստ տեսաձայնագրության, 22:30 մտնում է մուտք և 00:30 նոր շքամուտքից դուրս է գալիս: Թեև այդ հանգամանքը կա, բայց զինծառայողները առերես էլ են պնդել, որ մարզպետը այնտեղ է եղել: Դեռ այդ գործով քննությունը չի ավարտվել, չնայած մենք տեսաձայնագրառային փորձաքննություն նշանակել ենք և, ըստ փորձաքննության եզրակացության, այն մոնտաժավորված չէ, հետևաբար երկու հակասական իրադրություն ունենք, որը որ դեռ պետք է քննել», - ասաց Հայկ Գրիգորյանը:
Զինվորական հոսպիտալի ղեկավար Վահան Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց, որ միջադեպից տուժած Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, նա շարունակում է մնալ կոմայի մեջ: