Մատչելիության հղումներ

Վայոց Ձորի մարզպետը որոշել է հրաժարական տալ


Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան, արխիվ
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան, արխիվ

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Ֆեյսբուքում գրառմամբ հայտնում է հրաժարական տալու իր որոշման մասին:

«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․

Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո», - գրում է Տրդատ Սարգսյանը:

«Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։ Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։ Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին», - գրում է մարզպետը:

«Ծառայել և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար», - իր գրառումն ամփոփում է Տրդատ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Մարզպետի օգնականը կալանավորված է: Քննչական կոմիտեն ստուգում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին մարզպետի մասնակցությունը:

XS
SM
MD
LG