Մատչելիության հղումներ

Սպային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 28-ամյա եղեգնաձորցի է ձերբակալվել


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձ ձերբակալվել է:

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20, ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել, որ նույն օրը ժամը 06:40 իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է սեպտեմբերի 17-ին ժամը 23:40-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991 թվականին, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպաներ: Եղեգնաձորի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում քաղաքի 28-ամյա բնակչի զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, ինչից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին:

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, վիճաբանությանը ներգրավված այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն անուններ չի հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG