Վայոց Ձորում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով Քննչական կոմիտեն առգրավել է դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախորդ շաբաթ Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պաշտպանության նախարարության սպան ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։ 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։
Հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Մարզպետի օգնականը կալանավորված է:
Բժիշկները պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր են գնահատում։
«Գտնվում է արհեստական շնչառության պայմաններում՝ կոմայի մեջ», - ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ վնասվածքներով է տեղափոխվել հիվանդանոց, Գրիգորյանը պատասխանեց. «Ինքը տեղափոխվել է հոսպիտալ փակ գանգուղեղային վնասվածքով, ուղեղի աջ կիսագնդի դիսլոկացիայով՝ տեղաշարժով, անգիտակից վիճակում։ Բժիշկները մինչև վերջին վայրկյանը հույսեր փայփայում են, չնայած կոնկրետ դեպքում շանսերը շատ քիչ են գնահատվում վերականգնվելու առումով, բայց մինչև վերջն վայրկյանը մենք պատրաստ ենք հոսպիտալի ղեկավարությունը, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը Ռազմաբժշկական վարչության հետ միասին, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում աշխատող մեր առաջատար մասնագետները, բոլորի ուշադրության կենտրոնում է Մխիթարյանը»։
Մխիթարյանի հայրը և ընկերները պնդում են՝ Մխիթարյանը բռունցքի մեկ հարվածից նման ծանր վիճակում չէր հայտնվի:
«Ոնց կարա մի բռունցքի հարվածով 120 կգ տղուն գցեն վար ու գանգը փշրվի, գանգուղեղի օպերացիա է տարել տղես», - ասաց Սամվել Մխիթարյանը։
«Հայաստանի Հանրապետությունում չկա տենց անձնավորություն ու չկա տենց միջադեպ, որ կարան քարով մարդու գլուխը ջարդեն, նամանավանդ հայոց բանակի սպայի, զինվորականի գլուխը ջարդեն», - նշեց հարազատներից մեկը։
Հարազատներն ու ընկերներն իրավապահ մարմիններից արդար քննություն են պահանջում, վաղ առավոտյան նույն պահանջով նաև կառավարության շենքի առջև էին հավաքվել:
«Մարզպետը հրաժարական տա ու դատվի, մարզպետն իրա շայկայով ընկնի հետաքննող մարմինների ձեռը, որ ինքը արտահայտում է, թե տղա է եղել, մի ձեռքի ուդառ է եղել, չմտածի, թե ինքը ամերիկական կինոներ է նայել, ինչ-որ բաներ է հորինում իրանից», - ասաց կառավարության շենքի մոտ հավաքվածներից մեկը։
«Ոչ մի ձև ոչ մի բան չկոծկեն, պատճառաբանություն չբերեն, որ սպաները խմած են եղել։ Իրանք էլ են խմած եղել, բայց իրանց խմածության աստիճանը չի ստուգվել, ոչ մի դատաբժշկի մոտ չեն գնացել։ Ես պահանջում եմ՝ կոնկրետ դատախազն իր անձնական հսկողության տակ վերցնի էս միջադեպը և արդար քննություն իրականացվի, որովհետև մենք Վայոց ձորի ոստիկանությանը չենք հավատում», - նշեց Մխիթարյանի հարազատներից մեկը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Մարզպետ Տրդատ Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ մտահոգվելու առիթ չունի. միջադեպին ինքն անձամբ ներկա չի եղել:
«Որքանով որ տեղյակ եմ, ցուցմունքներ են եղել, որ ես այնտեղ եմ եղել, կարծում եմ պետք է պարզել, թե ում հրահանգով է նման ցուցմունք եղել, ում հրամանով է եղել, և այդ նույն հրաման տվողը նաև պետք է պատասխան տա սուտ ցուցմունքներ հրաման տալու համար։ Ես եղել եմ տանը, և մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը 10-ի կողմերը և բարձրանում տուն», - ասել էր Տրդատ Սարգսյանը: