Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը և համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Նախօրեին Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: