Մատչելիության հղումներ

«Հայաստանը երբեք չի շեղվել Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացից»․ Զոհրաբ Մնացականյան


Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տալիս BBC-ին
Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տալիս BBC-ին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ի Hard Talk հաղորդաշարի հարցազրույցում նշել է, որ հեղափոխության արդյունքում կառավարությունը ժողովրդի, հասարակության կողմից ստացել է լայն մանդատ, ի ցույց է դրել, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է շատ արագ կերպով արդյունքների հասնել, որոնք բխում են ժողովրդական պահանջներից և առնչվում են կոռուպցիային, սոցիալ-տնտեսական կյանքում բոլորի համար հավասար հնարավորություններին, արդար ընտրություններին և ներկայումս առկա ամենամեծ մարտահրավերին՝ դատական բարեփոխումներին:

Ապագայում ռազմավարական ընտրություն կատարելու՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի կողքին լինելու, մի խումբ հարցերի վերաբերյալ Մնացականյանը նշել է, որ թավշյա հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքականություն, այն բացառապես հայկական հարց է: Հեղափոխությունն արժեքների հեղափոխություն էր, հեղափոխություն էր ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության մասին:

«Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով: Մենք նաև չենք ընդունում հետևյալը՝ մեր ժողովրդավարության մասին մի՛ դատեք մեր աշխարհաքաղաքական որոշումներով», - նշել է Մնացականյանը։

Hard Talk-ի հյուրերը դժվարին զրույց են ունենում, ու այն վարող հայտի լրագրող Սթիվըն Սակուրը մի խումբ հարցեր է ուղղել Ղարաբաղի մասին: Մասնավորապես, եթե թավշյա հեղափոխության արդյունքում իրական փոփոխություններ են տեղի ունեցել, ակնկալվում է նաև փոփոխություն Ղարաբաղի հարցում. նոր գաղափարներ, մոտեցումներ, եթե խաղաղություն եք ուզում, ապա ինչպե՞ս բացատրել «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» Փաշինյանի հայտարարությունը, պատրա՞ստ է Հայաստանի նոր կառավարությունը ասելու, թե պատասխանատու է նախկինում կատարած բանակի խախտումների համար։

Այս մի խումբ հարցերի պատասխաններում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անվտանգության մեծ մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար, նախևառաջ 150 հազար մեր հայրենակիցների անվտանգության խնդիրն է, և նշել է, որ նոր կառավարությունը առանց հապաղելու, անմիջապես ներգրավվել է կարգավորման գործընթացում և ներգրավվել է կառուցողական ձևով:

Նա նշել է, որ Հայաստանի վարչապետն իրապես խաղաղություն է ցանկանում, քանի որ շարունակաբար պնդում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել», - ասել է Մնացականյանը:

Փաշինյանի հայտարարության վերաբերյալ կրկնվող հարցերին Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է, որ Հայաստանի օրակարգը, համահայկական օրակարգը վերաբերում է նաև Արցախին:

«Հայաստանը հետապնդում է զարգացման օրակարգ, համախմբման օրակարգ և չի կարող դուրս թողնել Արցախի ժողովրդին, դա համահայկական օրակարգ է: Մենք մի ազգ ենք, որը, լինելով Հայաստանի Հանրապետության տարածքում, միաժամանակ ունի համաշխարհային ընդգրկում: Հայաստանի վարչապետն անընդհատ և հետևողականորեն պնդում է, որ մեզ պետք է ազդակ, Ադրբեջանից փոխզիջման ազդակ, որը մենք չենք լսում», - կրկնել է Մնացականյանը՝ հավելելով, որ նույն այդ ելույթի ժամանակ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն առանձին կետով ու բավական հետևողական ներկայացրել է փոխզիջումային լուծման մեր մոտեցումը:

Պատասխանելով հայկական բանակի գործողությունների մասին կրկնվող հարցերին՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է․ - «90-ականների սկզբին մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչության 40%-ը բնաջնջված էր, Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը՝ զավթված, և այդ ժամանակ եղել են չարաշահումներ, եղել են զարհուրելի բռնություններ: Մենք ունեինք իրավիճակ, երբ Ադրբեջանի կառավարությունը գնաց ավելի հեռուն՝ հերոսացնելով հային սպանողի: Ոչ վաղ անցյալում ստեղծվեց մի իրավիճակ, երբ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը կրկին փորձեց ագրեսիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը միայն ավելի է ուժեղացնում մեր անվտանգության զգացումը ներկայումս: Անդրադառնալով Ձեր կոնկրետ հարցին՝ այո, ես ընդունում եմ, որ մենք պետք է բոլորս միասին առաջ շարժվենք: Բոլորս: Սակայն յուրաքանչյուր կողմ պետք է կառուցողական կերպով ներգրավված լինի: Հենց սա ի նկատի ուներ վարչապետը «բոլորի համար ընդունելի լուծում» ասելով: Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից, որը կփոխադարձի մեզ, որպեսզի այդ ոգով հիմք ստեղծվի առաջ շարժվելու համար»:

Բարդ հարևանների, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների հարցի վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե Իրանը դարպաս է, Իրանը շատ կարևոր գործընկեր է, մի երկիր, որի հետ մենք կիսում ենք հարյուրամյակների հարաբերություններ, մի երկիր, որտեղ մենք ունենք հայկական ներկայություն, հայկական ժառանգություն: Խոսքը մի ժողովրդի մասին է, որը մեզ շատ լավ հայտնի է, և մենք, իհարկե, հավատարիմ ենք այս հարաբերություններին: Միևնույն ժամանակ, մենք շատ բաց ենք եղել մեր իրանական գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Որովհետև մենք նաև կարևորում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մենք շատ զգայուն ենք այն ամենի նկատմամբ, ինչ գալիս է Վաշինգտոնից:

Հարցազրույցի ավարտին Զոհրաբ Մնացականյանը նշել է․ - «Եթե մենք մեզ թույլ տանք շարժվել միայն այս կամ այն ուղղությամբ, եթե մեզ անվտանգության տեսանկյունից ավելի խոցելի դարձնենք այս կամ այն ընտրություն կատարելու դեպքում, եթե մենք հայտարարենք, որ գնում ենք միայն մեկ ուղղությամբ, արդյո՞ք դա անմիջապես աշխատելու է, թե՞ մենք սպասելու ենք հերթում տասը-տասնհինգ տարի: Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG