«Դա այլևս անհնար է հանդուրժել», - հայտարարել է Եվրախորհրդարանի ազդեցիկ խմբակցություններից Սոցիալ-դեմոկրատների դաշինքը՝ կոչ անելով Եվրամիությանը դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ:
«Վերջին բռնությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, թե որքան խորն է Իլհամ Ալիևի արհամարհանքը մարդու իրավունքների, խոսքի ու հավաքների ազատության, և իր երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ», - հայտարարել է խմբակցության փոխնախագահ Կատի Պիրին:
«Կոչ ենք անում Եվրամիության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին և Եվրոպական հանձնաժողովին դադարեցնել Բաքվի հետ հետագա բանակցությունները երկկողմ հարաբերություններն ընդլայնող համաձայնագրի շուրջ, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը լիովին չի իրագործել իր պարտավորությունները հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում», - հավելել է խմբակցության արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Տոնինա Պիկուլան:
Լարվածությունը սկսվել էր ցույցից դեռ մի քանի օր առաջ, երբ Բաքվի իշխանությունները հերթական անգամ մերժել էին քաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու՝ ընդդիմության դիմումն ու առաջարկել ցույցն անցկացնել ծայրամասային ավաններից մեկում:
Ընդդիմությունը չէր համաձայնել, աջակիցները հավաքվել էին գլխավոր հրապարակներից մեկում: Հանրահավաքը չսկսված, սակայն, ոստիկանները գործի էին անցել, և ցուցարարների ձեռքերը ոլորելով, բռնի ուժ գործադրելով՝ բերման ենթարկել: Ըստ պաշտոնական աղբյուրների, ձերբակալվել էր ավելի քան 6 տասնյակ մարդ: Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, թե ազատազրկվածների թիվն անցել է հարյուրից:
Ընդ որում, ոստիկանություն էին տարվել ոչ միայն ընդդիմության աջակիցները, այլև առնվազն տասը առաջնորդներ, այդ թվում Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին: Վերջինս նույն օրը բանտից ազատ էր արձակվել բռնության ակնհայտ հետքերով, հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը հաղորդել էր, որ «նրա գլխին և մարմի վրա կապտուկներ ու հարվածների հետքեր են եղել»:
Ֆիզիկական բռնությանն ու ճնշումներին զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները նաև պետական քարոզչամեքենան էին միացրել: Օրեր շարունակ պետական ու իշխանամերձ լրատվամիջոցները լուրեր էին շրջանառում, թե իբր այդ ցույցը կազմակերպվել և հովանավորվել է Եվրամիության ու Միացյալ Նահանգների կողմից: Տեղական հեռուստաընկերություններից մեկն անգամ հեռարձակել էր միացյալ ընդդիմության՝ Ժողովդրավարական ուժերի ազգային խորհդի անդամ Գյութաքին Հաջիբեյլիի հեռախոսազրույցների գաղտնի ձայնագրությունը Միացյալ Նահանգների դեսպանատան ու Եվրամիության առաքելության աշխատակիցների հետ:
Թեև այս տեսանյութերը մի քանի ժամ անց հեռացվել էին համացանցից, սակայն անարձագանք չէին մնացել: Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանությունը, մի կողմ թողնելով դիվանագիտական բառապաշարը, երեկ կոշտ քննադատական տեսաուղերձ է հրապարակել, որը տեղադրվել է դեսպանության պաշտոնական կայքում:
«Վերջին մեղադրանքները, թե Ամերիկան շահագրգռված է Ադրբեջանում անկայունություն տարածելու մեջ, անհեթեթ են և սուտ», - հայտարարել է Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Մայքլ Դիքերսոնը: Բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ անկախության առաջին օրից Վաշինգտոնը ոչ թե խոչընդոտել, այլ միլարդներ է տրամադրել Ադրբեջանի բարգավաճման ու զարգացման համար:
«Անցած 26 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ավելի քան 1,5 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ադրբեջանին՝ անվտանգության ամրապնդման, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ու կրթության զարգացման, ինչպես նաև 25 տարի առաջ ստորագրված «դարի համաձայնագրի» և Հարավային գազային միջանցքի կառուցման համար: Մենք աջակցել ենք, որ Ադրբեջանը կարողանա իրեն ձեռնտու պայմաններով արդյունահանել և վաճառել սեփական ռեսուրսները», - նշել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ավելի վաղ՝ շաբաթասկզբին Արևմուտքի հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններն էին քննադատել Ալիևի վարչակազմի քայլերը:
«Թեև բողոքի ցույցն արտոնված չէր, սակայն ոստիկանությունը չպետք է բռնի ուժ գործադրեր խաղաղ ցուցարարների հանդեպ», - հայտարարել է ազդեցիկ Human Rights Watch-ը՝ հավելելով, որ «հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է, և Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հանդուրժել դրանք, այդ թվում՝ Բաքվի կենտրոնում»:
Հեղինակավոր Freedom House-ը փաստել է․ - «Դաժանությունը և բռնությունը, որ գործադրվեց ընդդիմության ակտիվիստների ու առաջնորդների հանդեպ, ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության լկտի քամահրանքը մարդու իրավուքնների պաշտպանության հարցում»: