Մատչելիության հղումներ

Բաքվում իրավապահները ձերբակալում են ընդդիմության ակտիվիստներին


Ադրբեջան - Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին, Բաքու, 19-ը հոկտեմբերի, 2019թ.
Ադրբեջան - Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին, Բաքու, 19-ը հոկտեմբերի, 2019թ.

Ոստիկանությունն այսօր Բաքվում նախատեսված բողոքի ակցիաներից առաջ ձերբակալել է ընդդիմության տասնյակ ակտիվիստների: Ձերբակալվածների թվում է «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին:

Հետաքննող լրագրող Խաջիդա Իսմայիլովայի փոխանցմամբ, ոստիկանները փակել են Ադրբեջանի մայրաքաղաքի մետրոյի երեք կայարանները՝ զրկելով մարդկանց ցույցի վայր հասնելու հնարավորությունից:

Ենթադրվում է, որ բողոքի հանրահավաքը պետք է տեղի ունենար մետրոյի «Մայիսի 28» կայարանին հարող տարածքում:

Իսմայիլովայի փոխանցմամբ, Բաքվի մեծ մասում արգելափակվել է նաև ինտերնետը:

Human Rights Watch-ը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իրավապահների այդ գործողությունները:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել հավաքներ կազմակերպելու իրավունքը»,- Թվիթերում գրել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Գիորգի Գոգիան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2003 թվականին է հանգուցյալ հորից՝ Հեյդար Ալիևից ժառանգել 10 միլիոն բնակչությամբ երկրի ղեկավարումը:

Ըստ իրավապաշտպան միջազգային և ադրբեջանական կազմակերպությունների, Ալիևը հետևողականորեն ոչնչացնում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը:

Այս ընթացքում փակվել են անկախ լրատվամիջոցները, տասնյակ ակտիվիստներ, իրավապաշտպաններ և լրագրողներ տարատեսակ կեղծ մեղադրանքներով հայտնվել են բանտերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG