Զանգվածային ձերբակալություններ, ոստիկանական ուժի կիրառում, կաթվածահար տրանսպորտ, ինտերնետային կապի խափանումներ․ այսկերպ Ալիևի վարչակազմը անցած հանգստան օրերին փորձում էր կանխել ընդդիմության հանրահավաքը՝ ընդդեմ ցածր աշխատավարձերի, կոռուպցիայի:
Չնայած իշխանությունները, ավանդույթի համաձայն, մերժել էին արտոնել ընդդիմության հանրահավաքը Բաքվի կենտրոնում, այդուհանդերձ հարյուրավոր ակտիվիստներ, հետևելով ընդդիմադիր առաջնորդների կոչերին, հասել էին քաղաքի կենտրոն ու անմիջապես բախվել ոստիկանական բիրտ ուժի:
Անցած շաբաթ օրը վաղ առավոտից Բաքվի կենտրոնական փողոցներում տեղակայված էին մեծաթիվ ոստիկանական ուժեր․ իշխանությունները փակել էին մետրոյի երեք կայարաններ՝ զրկելով մարդկանց ցույցի վայր հասնելու հնարավորությունից: Բացի այդ, կենտրոնական շրջաններում անջատվել էր ինտերնետային կապը, անգամ հարակից կինոթատրոններում չեղարկվել էին կինոդիտումները:
Հանրահավաքը դեռ չսկսված՝ տասնյակ մարդիկ ձերբակալվեցին: Շատերը, այդ թվում ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլին, հասցրել էր ընդամենը իր տան մուտքից դուրս գալ, երբ ոստիկանները ձեռքերը ոլորելով բերման էին ենթարկել նրան: Քերիմլին, ով ժամեր անց ազատ էր արձակվել, հայտարարել էր ոստիկանների կողմից իր նկատմամբ խոշտանգումների մասին:
Ընդդիմադիր առաջնորդից բացի, անցած շաբաթ օրը բերման էին ենթարկվել մոտ հարյուր ակտիվիստների՝ հիմնականում ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեղադրանքներով: Նրանց մի մասը նույն օրը ազատ էր արձակվել:
Ոստիկանությունը մինչդեռ այդքանով չբավարարվեց՝ հաջորդ օրը ձեռնամուխ լինելով մեկ այլ՝ արդեն ընտանեկան բռնությունների դեմ փողոց դուրս եկած ակտիվիստներին ճնշելուն: Չնայած նախօրեի ոստիկանական պատնեշներին, ձերբակալություններին ու ձեռնաշղթաներին՝ երթը այդուհանդերձ կայացավ:
Ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանում այս կամ այն կերպ բռնության է ենթարկվում կանանց 43 տոկոսը։ Ակտիվիստները պահանջում են կիրառել դեռևս 2010 թվականին ընդունված, բայց մինչև օրս թղթի վրա մնացած «Կենցաղային բռնության կանխարգելման մասին» օրենքը:
Ադրբեջանում ընդդիմության և ոստիկանության միջև լարվածությունը ծագել է դեռևս շաբաթասկզբին, երբ հրապարակվեց Բաքվի քաղաքապետարանի որոշումը, որով իշխանությունները հերթական անգամ մերժեցին ընդդիմադիր կուսակցություններին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի»` կենտրոնում հանրահավաք անցկացնելու հայտը և բողոքի գործողության համար ընդդիմությանը տրամադրեցին Բաքվի կենտրոնից ավելի քան տասը կիլոմետր հեռու գտնվող Լոքբաթան ավանը: Սակայն, ընդդիմությունը կոչ արեց իր կողմնակիցներին հավաքվել հենց կենտրոնում՝ ամենաբանուկ հատվածում: Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում էին նավթով հարուստ Ադրբեջանի կառավարությունից պահանջել չեղարկել էլեկտրաէներգիայի և բնական գազի օգտագործման սահմանափակումները, վերականգնել մանկական նպաստները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, պայմաններ ստեղծել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար և կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
Այսօր միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում Եվրամիությունը, խստորեն դատապարտեց ադրբեջանցի ակտիվիստների նկատմամբ հերթական բռնությունների ալիքը՝ Ալիևի վարչակազմին հիշեցնելով, որ հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Չնայած ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահումը փաստող կադրերի առկայությանը, այդ թվում տարեց մարդկանց և կանանց նկատմամբ, պաշտոնական Բաքուն հակադարձում է՝ հայտարարելով, որ «ոստիկանության աշխատակիցները ակտիվիստներին վերաբերել են սիրալիր և քաղաքավարի, ոչ ոք չի տուժել»: Նման պնդումներով հանդես է եկել Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:
Ալիևի վարչակազմը ընդդիմախոսների ակտիվանալու փորձերի հետևում, ավանդույթի համաձայն, արևմտյան դավադրություններ է տեսնում: Երեկ ուշ երեկոյան իշխանությունների քարոզչական խոսափողը համարվող AZTV-ի եթերում նախագահ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը, ստանձնելով դատախազի և դատավորների դերը, ընդդիմությանը մեղադրել է դավաճանության մեջ՝ որպես ապացույց մատնացույց անելով ընդդիմադիր ակտիվիստի և ամերիկյան դեսպանատան աշխատակցի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում ընդդիմադիրր գործիչ Գյուլթաքին Հաջիբեյլին ամերիկացի դիվանագետին հայտնում է Ալի Քերեմլիի ձերբակալության մասին:
«Թուրան» գործակալությունը նկատում է, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն գաղտնալսում են օտարերկրյա դիվանագետներին, այլև հրապարակում են դրանք: