Քիչ առաջ Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի դիմումի քննությունը մերժելու որոշումը:
Ազգային ժողովի նախագծի հիմքում Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված կարգապահական խախտումներն էին:
16 էջանոց փաստաթղթում ՍԴ-ն պարզաբանել է՝ Քոչարյանի գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ամսաթվի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից սեպտեմբերի 18-ին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծ ՍԴ ներկայացնելու ամսաթվի համադրումն ակնհայտ է դարձնում, որ չի պահպանվել Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված երկշաբաթյա ժամկետը: Հետևաբար, դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան:
ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման չորս հիմք էր ներկայացրել Ազգային ժողովը, որից մեկն այն էր, որ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Թովմասյանը իր մասնակցության անհնարինության հարցը չէր քննարկել: Այս միջնորդությունը ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Սահմանադրական դատարանը փաստել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել աշխատակարգային նիստ, որին ներկա են եղել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները, բացառությամբ Վահե Գրիգորյանի: Եվ այդ նիստում արձանագրվել է, որ Վահե Գրիգորյանը իր դիմումը ներկայացրել է` չպահպանելով օրենքի պահանջները: