Մատչելիության հղումներ

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը դեռ չի ստացել


Սահմանադրական դատարանը (ՍԴ) դեռ չի ստացել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը, «Ազատությանը» տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո որոշումն անմիջապես ուղարկվել էր Սահմանադրական դատարան՝ քննության։ Թե ի՞նչ որոշում կընդունի բարձր դատարանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի շտապում մեկնաբանել։ Ասում է՝ հնարավոր է իր մեկնաբանությունները դիտարկվեն Սահմանադրական դատարանի նկատմամբ որպես ճնշում։

«Մեր գնահատմամբ այդ հիմքերը շատ ուժեղ են, թե ի՞նչ գնահատական կտա Սահմանադրական դատարանը, չեմ կարող ասել և ասելով մեր, ես նկատի չունեմ իհարկե միայն «Իմ քայլը» խմբակցությանը, այլ նաև մեզ միացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սրանով է պայմանավորված նաև մեր համոզվածությունը, որ հիմքերը ներկայացված բավակին ծանրակշիռ են», - նշեց Մակունցը

Իրավաբան Կարապետ Բադալյանն ասում է՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ ներկայացված որոշումը իրավական առումով գրագետ հիմնավորում ունի, այլ բան է, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը։

«Հիմա, եթե դիմումը մերժվեց, պարզ կլինի, որ իրենք բոլորը կանգնած են էդ նույն շարքում, ոնց որ Հրայր Թովմասյանը», - ասաց Կարապետ Բադալյանը։

Սահմանադրական դատարանի դատավորները դեռ որևէ մեկնաբանություն չեն տալիս։ Բարձր դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք չեն կարող մեկնաբանել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը, քանի դեռ գործի քննությունը չեն ավարտել։

Գյուլումյանը, սակայն, ներկայացրեց, թե ԱԺ-ի կողմից ներկայացված դիմումն ինչ ընթացակարգով է անցնելու։ Նախ՝ ՍԴ-ում 7 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրեն՝ արդյո՞ք դիմումը ընդունում են քննության, թե ոչ, և եթե ընդունեն, ապա 30 օրվա ընթացքում պետք է բարձր դատարանը որոշում ընդունի կամ էլ քննությունը պետք է երկարաձգվի ևս 50 օրով։

«Պետական իշխանության երեք ճյուղերից երկուսը արդեն կերպարանափոխվել են և պատրաստ են իրավական պետության ստեղծման ճանապարհին իրենց գործողությունները անել և անում են, մնացել է միայն դատական համակարգը, ընդ որում՝ դատական համակարգի կոնվենցիոնալ դատական մասը՝ եռաստիճան դատական համակարգը էն գիտակցությանն է եկել, որ փոփոխությունները անհրաժեշտ են և քայլեր են արվում հստակ», - ասաց Կարապետ Բադալյանը։

Իրավաբանի խոսքով՝ Սահմանադրական դատարանում փոփոխություններն անհրաժեշտություն են, հակառակ դեպքում ՍԴ-ն կխոչընդոտի Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին։

«Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ է եղել և այդ ամբողջ ընթացքում ինքը խոչընդոտել է, լինելով Արդարադատության նախարար, չի նպաստել Մարտի 1-ի գործերի կայացմանը, հայտնել է տեսակետեր, որոնք խեղաթյուրում են իրականությունը, որը եղել է, որ այսօր քրեական գործով արդեն բացահայտվում է և լինելով նախարար նաև որոշակի գործունեության է ծավալել՝ Մարտի 1-ի գործով Եվրոպական դատարանում Հայաստանի ժխտողական կարծիքը հաստատելու, շարունակական պնդելու համար», - ընդգծեց Բադալյանը։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը: Օրենքի պահանջն է՝ Հրայր Թովմասյանը իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցի: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են դատարանի առնվազն 6 դատավորների կողմ ձայները: Դատարանը ունի 9 անդամ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը:

XS
SM
MD
LG