Մատչելիության հղումներ

ՍԴ-ն քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման ԱԺ դիմումը վարույթ ընդունելու հարցը


Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունի, թե ոչ:

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն «Ազատությանը» փոխանցեց, որ առավոտից մեկնարկած նիստը շարունակվում է և դեռ որոշում չունեն:

«Չի ավարտվել դեռևս, դեռ նոր ենք սկսել այդ քննարկումը», - ասաց Գյուլումյանը։

«Ազատության» հարցին՝ կարող է ընդունել, կարող է չընդունել, չէ՞, ՍԴ անդամը պատասխանեց. «Երկու տարբերակն էլ հնարավոր է, ես չեմ կարող ոչինչ ասել»։

Ալվինա Գյուլումյանի փոխանցմամբ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն արձակուրդում է, և չի մասնակցում նիստին:

ԱԺ-ի ընդունած նախագծի հիմքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված էական կարգապահական խախտումներն են: Իշխող մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին կողմ քվեարկեց նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշեց չմասնակցել քվեարկությանը:

Շուրջ 100-էջանոց փաստաթղթում ներկայացված է չորս հիմք: Այդ հիմքերից մեկը, որ խախտվել է բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով: Հիմքերից է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական կապը: Բայց, ըստ իշխանական պատգամավորի, խնդիրը ոչ թե բարեկամական կապն է, այլ դրա մասին չբարձրաձայնելը, սեփական անձի վարույթից հեռացվելու հարց չբարձրացնելը: Եվ չորրորդը, Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ հարցը, բայց այդպիսի որոշում բարձր դատարանը չունի։

Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, սակայն ՍԴ-ն շրջանցել է դատավորի միջնորդությունը, անցել Քոչարյանի դիմումի քննությանը:

Չնայած նախագծում ներկայացված հիմնավորումներին, վճռորոշ է լինելու Սահմանադրական դատարանի որոշումը: Եթե Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունվի, ապա Սահմանադրական դատարանի քննությամբ է որոշվելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա, թե ոչ:

ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ տված հարցազրույցում հայտարարել է, որ իր պաշտոնավարման շուրջ Ազգային ժողովի սկսած գործընթացը քաղաքական բնույթի է։

XS
SM
MD
LG