The New York Times-ի հրապարակած հոդվածի համաձայն՝ Եվրոպայում առնվազն 10 տարի ապակայունացնող գործունեություն է իրականացնում Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) 29155 էլիտար ստորաբաժանումը:
Արևմտյան հետախույզները եկել են եզրահանգման, որ ГРУ-ի այս էլիտար ստորաբաժանումը կապ ունի Մոլդովայում տեղի ունեցած զարգացումների, բուլղարացի Էմիլյան Գեբրևի թունավորման, Չեռնոգորիայում հեղաշրջման փորձի, Սոլսբերիում Սկրիպալների դեմ մահափորձի հետ, գրում է թերթը:
Նախկինում բոլոր այս իրադարձությունների մեջ արևմտյան փորձագետները տեսնում էին ռուսական հետք, սակայն չէին փոխկապակցում դրանք: Թերթն այսօր գրում է, որ այս բոլոր իրադարձությունների հետևում կանգնած է կոնկրետ գաղտնի ստորաբաժանում։ ГРУ-ի այս ստորաբաժանումը գործում է արդեն շուրջ 10 տարի, բայց արևմտյան հատուկ ծառայություններն այդ մասին իմացել են վերջերս։
The New York Times-ը գրում է, որ հոդվածի հեղինակներին հաջողվել է զրուցել չորս երկրների հետախուզությունների ներկայացուցիչների հետ, և նրանք բոլորն ասել են, որ այս ստորաբաժանման գործունեությունը դժվար է կանխատեսել։
Թերթի պնդմամբ՝ ստորաբաժանումը տեղակայված է Մոսկվայի արևելքում, աշխատակիցները Չեչնիայում, Աֆղանստանում, Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած սպաներ են։ Հույժ գաղտնի ստորաբաժանում է, որի գոյության մասին չգիտեն նույնիսկ ГРУ-ի մյուս ստորաբաժանումները, գրում է թերթը։
Հոդվածի հեղինակները հղում են անում 2017 թվականին արված մի լուսանկարի, որում 29155 գաղտնի ստորաբաժանման ղեկավար գեներալ-մայոր Անդրեյ Ավերյանովի կողքին Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Անատոլի Չեպիգան է։
Արևմտյան հատուկ ծառայությունները ГРУ-ի այս գաղտնի ստորաբաժանման մասին իմացել են 2016-ին՝ Չեռնոգորիայում հեղաշրջման փորձի տապալումից հետո, սակայն ուշադրության կենտրոնում այն հայտնվել է Սկրիպալների թունավորումից հետո։ 29155 ստորաբաժանման սպաները Սկրիպալների թունավորումից առաջ այցելել են Մեծ Բրիտանիա, հավանաբար՝ տեղանքն ուսումնասիրելու համար, նրանց թվում էր Ալեքսանդր Միշկինը, ում նույնպես բրիտանացի հետախույզները կասկածում են Սկրիպալներին թունավորելու մեջ։
Երրորդ անձը, ում նույնպես կասկածում են Սկրիպալների գործի շրջանակում, Սերգեյ Ֆեդոտովն է: Նա, թերթի պնդմամբ, զենքի վաճառքով զբաղվող բուլղարացի գործարար Էմիլյան Գեբրևին թունավորելու փորձի մեջ կասկածվող խմբի անդամ է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության բաց աղբյուրներից հայտնի է, որ 29155 համարով ստորաբաժանումը 2012 թվականին պարգևատրվել է, մանրամասներ չկան։ Իսկ The New York Times-ը պարզել է, որ ստորաբաժանումը ղեկավարում է Ավերյանովը, ով մասնակցել է չեչենական պատերազմներին և ով 2015-ին ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Ընդ որում, լրագրողների տվյալներով, նույն Ավերյանովը շատ համեստ կյանքով է ապրում՝ հին շենքում, ունի հին ռուսական արտադրության ավտոմեքենա։