Մինչև 2009 թվականը նրանց մասին ոչ մի տվյալ
Bellingcat անկախ հետազոտական կենտրոնը հայտնել է, որ ունի Բրիտանիայում հայր և դուստր Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Ռուսլան Բոշիրովի և Ալեքսանդր Պետրովի՝ ГРУ-ի հետ կապը հաստատող նոր ապացույցներ:
ГРУ (Главное разведывательное управление, Հետախուզական գլխավոր վարչություն), այդ անվամբ կառույցը գործել է ԽՍՀՄ ժամանակներում և համարվել է զինված ուժերի հետախուզական մարմինը, հիմա նույն լիազորություններով կառույցի անունն է Главное управление Генерального штаба, Գլխավոր շտաբի գլխավոր վարչություն, սակայն քաղաքական շրջանակներում և մամուլում կիրառվում է ավանդական հին հապավումը՝ ГРУ:
Bellingcat-ի և The Insider ռուսական անկախ կայքի փորձագետները, զեկույցում չնշվող ռուսական գաղտնի աղբյուրի աջակցությամբ, ստուգել են Բոշիրովի և Պետրովի տվյալները:
Պարզվել է, որ Ռուսաստանի բնակիչների պետական ռեգիստրում նրանց մասին մինչև 2009 թվականն ընդհանրապես որևէ տեղեկություն չի եղել, ինչն անուղղակի կարող է վկայել պետության համար գաղտնի աշխատանք կատարելու մասին:
«Совершенно секретно», «Сведений не давать»
Նրանցից առնվազն մեկի ռուսաստանյան ներքին անձնագրի թողարկման փաստաթղթերում մի քանի բաժիններում կրկնվում են «հույժ գաղտնի» և «տեղեկություններ չհայտնել» նշումներով մակագրություններ, ինչը, սովորաբար, վկայում է, որ անձնագրի տերը գործակալ է:
Մի ուշագրավ հանգամանք՝ Պետրովի և Բոշիրովի ներռուսաստանյան անձնագրերի թողարկման փաստաթղթերում նշված է 7 թիվ (+74991957966): Կարելի էր ենթադրել, որ հեռախոսահամար է, ընդ որում՝ Մոսկվայի Խորոշևսկի շրջանի, որտեղ գտնվում է ГРУ-ի կենտրոնակայանը:
Փորձագետները զանգահարել են այդ համարով և պարզվել է, որ այն իսկապես պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
ГРУ-ն ձախողվել էր նաև Չերնոգորիայում
Եվ էլի խիստ հետաքրքիր փաստ՝ Պետրովի ու Բոշիրովի անուններով թողարկված՝ Ռուսաստանի Դաշնության արտասահմանյան անձնագրերում սերիան և համարը գրեթե համընկնում են Էդուարդ Շիրոկովի արտասահմանյան անձնագրի սերիայի և համարի հետ: Տարբերվում են միայն վերջին երեք թվերը:
Շիրոկովը, նույն ինքը Շիշմակովը, ըստ Չերնոգորիայի իշխանությունների, ГРУ-ի գործակալ է, ով փորձել է 2016 թվականին Չերնոգորիայում պետական հեղաշրջում կազմակերպել, սակայն ծրագիրը խափանվել է: Ձախողումից հետո Շիրոկովը (Շիշմակովը) պարզապես անհետացել է:
Նա միջազգային հետախուզման մեջ է: Չերնոգորիայում հեռակա կարգով ընթանում է այդ գործակալի դատավարությունը: Մոսկվան, բնականաբար, հերքում է Չերնոգորիայում հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքը:
«Mr. Eduard Shishmakov, Assistant Military Attaché»
Ի դեպ, կան տվյալներ, որոնց համաձայն, այդ անձը Լեհաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի տեղակալն էր և 2014 թվականին լրտեսության մեղադրանքով արտաքսվել է Վարշավայից:
Համենայն դեպս, Լեհաստանի արտգործնախարարությունում հավատարմնագրված օտարերկրացի դիվանագետների ցանկում կար «Mr. Eduard Shishmakov, Assistant Military Attaché» նշումը: Շիրոկովն ուներ նաև Շիշմակովի անունով թողարկված անձնագիր:
Հինգ ամսում 26 անձնագիր
Եվ էլի անձնագրերի ու դրանցում տեղ գտած թվերի ոդիսականի մասին: Bellingcat-ի փորձագետը նկատել է, որ Բոշիրովի և Պետրովի արտասահմանյան անձնագրերի վերջին երեք թվերն են 294 և 297, իսկ Շիրոկովինը՝ 323, տարբերությունը 26-ն է, ինչը նշանակում է, որ 2016 թվականի ապրիլից մինչև օգոստոս պատկան պետական մարմինը թողարկել է ընդամենը 26 արտասահմանյան անձագիր:
Ենթադրվում է, որ դա անձնագրային հատուկ բաժին է, որը պատրաստում է հետախուզության աշխատակիցների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների փաստաթղթերը:
«ГРУ-ն պետք է լուծարել»
The Insider անկախ կայքի գլխաբոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովի համոզմամբ, կարելի է փաստել, որ անձնագրերի թողարկումն ինչ-որ հատուկ կարգ ունի և գործակալներին տրվում են հատուկ համարներով անձնագրեր:
Սա նշանակում է, որ արտասահմանյան անձնագրերի ռեգիստր մուտք գործելն ընձեռում է ГРУ-ի գործակալներին բացահայտելու հնարավորություն:
«ГРУ-ն պետք է լուծարել, որովհետև դրա գործակալները բացահյատվել են»,- ասել է Դոբրոխոտովը:
«Շեշտը՝ Արևմտյան Եվրոպայի վրա»
Bellingcat-ի և The Insider-ի փորձագետները պարզել են, որ Պետրովն ու Բոշիրովը մի քանի անգամ, ընդ որում միասին, հատել են եվրոպական և ասիական պետությունների սահմանները: Փորձագետները համոզված են, որ «Պետրով»-ը ու «Բոշիրով»-ը կեղծանուններ են:
«Անկանխատեսելի երթուղիներով աշխարհը չափելու նրանց գործեկակերպը երբեմն հիշեցնում է «Առաքելությունն անհնար» լրտեսների մասին արկածային ֆիլմի հերոսների անցած ճանապարհները, սակայն նկատելի է, որ շեշտն, այնուամենայնիվ, դրվել է Արևմտյան Եվրոպայի վրա»,- ասվում է Bellingcat-ի և The Insider-ի համատեղ զեկույցում:
Там есть знаменитый Солсберецкий собор
Փորձագետները անդրադարձել են նաև Russia Today հեռուստակայանի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին այդ երկու վայ-գործակալների տված հարցազրույցում նրանց այն պնդմանը, թե, իբր, վաղուց են ծրագրել Սոլսբերիի հայտնի (իրենց ձևակերպմամբ՝ «Սոլսբերեցկի») տաճարը տեսնելու ուղևորությունը:
Մինչդեռ, չվերթների գրանցման տվյալները վկայում են, որ Պետրովն ու Բոշիրովը թռիչքից ընդամենը մեկ օր առաջ՝ մարտի 1-ին են ձեռք բերել Լոնդոն մեկնելու ավիատոսմերը:
Սկրիպալները, Շպիցի լաբորատորիան և WADA-ն
Bellingcat-ի և The Insider-ի փորձագետների կարծիքով, Պետրովն ու Բոշիրովը կարող են առնչություն ունենալ ոչ միայն Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման, այլև Շվեյցարիայի Շպից ավանում քիմիական զինատեսակների և թույների հետազոտություններ կատարող գիտական լաբորատորիայից տվյալներ գողանալու փորձի, ինչպես նաև Հակադոպինգային համաշխարհային գործակալության կայքերը կոտրելու հետ:
Շվեյցարիան Ռուսաստանին վերջերս բողոքի նոտա է հանձնել և պահանջել դադարեցնել «լրտեսական ակտիվությունը»: Բեռնի փոխանցմամբ, ամիսներ առաջ Հոլանդիայում ձերբակալվել և արտաքսվել են երկու ռուսաստանցիներ, ովքեր փորձել են Հոլանդիայից մեկնել Շվեյցարիա՝ Շպից ավան, և հասնել գիտական լաբորատորիա, նրանց անունները չեն հրապարակվում:
«Նովիչոկը» և Ասադի քիմիական զենքը
Շպիցում տեղակայված լաբորատորիայում հետազոտել են «Նովիչոկ» անվամբ նյարդապարալիտիկ նյութը, որն, ըստ Լոնդոնի, կիրառվել է Սկրիպալներին թունավորելու համար:
Բացի այդ, Շպիցի լաբորատորիան հետազոտել է Սիրիայում Բաշար ալ-Ասադի բանակի կիրառած քիմիական զենքի նշուշները, ուստի, այդ գիտական կենտրոնը կարող էր դառնալ ռուսական գաղտնի ծառայությունների թիրախը:
Ենթադրվում է, որ երկու ռուսաստանցիներին, որոնց անունները չեն հրապարակվում, ձերբակալել և արտաքսել են այս տարեսկզբին: The Telegraph-ը հաղորդում է, որ Պետրովն ու Բոշիրովը 2016 թվականի փետրվարից մինչև 2018-ի փետրվար առնվազն 6 անգամ Ռուսաստանից մեկնել են Շվեյցարիա (Ժնև), Ֆրանսիա (Փարիզ), Հոլանդիա (Ամստերդամ) և Իտալիա (Բերգամո):
Ինչ վերաբերվում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությանը՝ WADA-ին, ապա այն ժամանակին հայտարարել էր, թե հաքերային հարձակման է ենթարկվել Fancy Bear խմբավորման կողմից, որն, ըստ ամերիկացիների, կապված է ГРУ-ի հետ և մասնակցել է 2016 թվականի ամերիկյան ընտրություններից առաջ դեմոկրատական կուսակցության կայքէջերի վրա կատարված բազմաթիվ գրոհներին:
Բայց ինչպե՞ս են բրիտանական վիզաներ ստացել
Բայց եթե Պետրովն ու Բոշիրովն էին տարեսկզբին ձերբակալվել և արտաքսվել Հոլանդիայից, ապա ինչպե՞ս էին նրանք կարողացել այցելել Բրիտանիա:
Ահա հնարավոր բացատրության մի տարբերակ, ըստ The Insider կայքի գլխավոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովի. «Եթե Բոշիրովն ու Պետրովը ГРУ-ի գործակալներ են, ապա՝ ինչպես Շիշմակով-Շիրոկովի պարագայում էր, կարող են ունենալ մեկից ավելի անձնագիր»:
Այնուամենայնիվ, Դոբրոխոտովը չի բացառում, որ հնարավոր է էլ ավելի բարդ վարկած: Նրա փոխանցմամբ, նույնիսկ եթե Պետրովին ու Բոշիրովին չեն ձերբակալել Հոլանդիայում՝ միևնույն է, անհասկանալի է, թե ինչպես են նրանք ստացել գործարարի վիզայով Բրիտանիա մեկնելու հնարավորություն:
«Կա հարցի պատասխան, որը կհրապարակվի ավելի ուշ»
Դոբրոխոտովը նշում է, որ ըստ բրիտանական ոստիկանության, այդ երկու կասկածյալները հենց գործարարի վիզաներով են մեկնել Միացյալ Թագավորություն: Իսկ նման վիզա ստանալու համար նրանք պետք է ներկայացնեին մանրամասն փաստաթղթեր իրենց բիզնեսի մասին, մինչդեռ, պարզվում է, որ ոչ մի բիզնես էլ չեն ունեցել:
«Դա շատ տարօրինակ պատմություն է, մենք ունենք այդ հարցին մեր պատասխանը, բայց այն ավելի ուշ կհրապարակենք»,- ակնարկել է Ռոման Դոբրոխոտովը: