Bellingcat-ն ու Insider-ը երեկ հրապարակել են Սկրիպալների գործով անցնող երկրորդ կասկածյալ պայմանական Ալեքսանդր Պետրովի իսկական ազգանունը: Նա ռուսական ռազմական հետախուզական գլխավոր վարչության (ГРУ) աշխատակից, ռազմական բժիշկ Ալեքսանդր Միշկինն է:
Լրագրողները պնդում են, որ հենց Միշկինն է այս տարի մարտին այցելել Սոլսբերի: BBC-ի թղթակիցներն այցելել են նրա ծննդավայր և զրուցել նրա համագյուղացիների հետ: Պարզվում է՝ «Պետրով»-Միշկինը լավ էր սովորում դպրոցում և գյուղի դիջեյն էր:
Արխանգելսկի մարզի Լոյգա գյուղի բնակիչ Դենիս Կրասնովը BBC-ի թղթակցին ասել է, որ Միշկինի հետ սովորել է նույն դպրոցում: Նա ճանաչել է «Պետրով»-Միշկինի լուսանկարը, որը ավելի վաղ հրապարակել էր բրիտանական ոստիկանությունը:
Ավելի վաղ Russia Today-ին տված` մեծ աղմուկ հանած հարցազրույցում պայմանական Ալեքսանդր Պետրովը պատմել էր, որ ГРУ-ի հետ ոչ մի կապ չունի, զբաղվում է մարզական սննդի վաճառքով և Սոլսբերի էր այցելել «Բոշիրով»-Չեպիգայի հետ՝ որպես զբոսաշրջիկ հայտնի տաճարը տեսնելու համար: Մինչդեռ նրա համագյուղացին պատմել է, որ իր տեղեկություններով՝ Միշկինն այսօր Մոսկվայում է ապրում և դուստր ունի: Նրա խոսքով՝ դպրոցից հետո Միշկինն ընդունվել է ռազմական բուհ, սակայն կոնկրետ որտեղ՝ չգիտի, քանի որ մինչ այդ Միշկինի ծնողները տեղափոխվել են Վոլոգդայի մարզ և գյուղ չեն վերադարձել, իսկ Միշկին-«Պետրովը» մնացել էր տատիկի հետ, քանի որ ավարտական դասարանում էր սովորում:
Արխանգելսկի մարզի Լոյգա գյուղը, որտեղ 1979 թվականին ծնվել է Միշկինը, հեռավոր մի գյուղ է, մինչև մոտակա քաղաքը 110 կիլոմետր է, նորմալ ճանապարհներ չկան, և այնտեղ կարելի է հասնել միայն երկաթգծով: Այսօր Լոյգայում ընդամենը 900 մարդ է ապրում:
Այս տարվա մարտին Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը Մոսկվան է կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում: