Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում դեմոկրատ կոնգրեսականները դատարան ներկայանալու ծանուցագիր են ուղարկել Սպիտակ տուն


Միացյալ Նահանգներում դեմոկրատ կոնգրեսականները դատարան ներկայանալու ծանուցագիր են ուղարկել Սպիտակ տուն՝ Ուկրաինային վերաբերող փաստաթղթեր ստանալու պահանջով։

Կոնգրեսական երեք հանձնաժողովների նախագահները, որոնք քննում են նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցը, պնդել են, թե ստիպված են գնալ այդ քայլին, քանի որ Սպիտակ տունը հրաժարվել է տրամադրել փաստաթղթերը, որոնք նրանք պահանջել էին մեկ ամիս առաջ նախագահական աշխատակազմին ուղարկված նամակում:

Դատարան ներկայացված հայցով դեմոկրատները պահանջել են այդ տեղեկությունները տրամադրել մինչև հոկտեմբերի 18-ը: Ակնկալվում է, որ այս քայլն էլ ավելի կսրի դեմոկրատ կոնգրեսականների և Սպիտակ տան՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Դեմոկրատները նախագահի պաշտոնանկության գործընթաց են սկսել Ուկրաինայի առաջնորդի հետ նրա հուլիսյան հեռախոսազրույցի պատճառով։ Ընդդիմախոսները պնդում են, թե Սպիտակ տան ղեկավարն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի Կիևի իշխանությունները քրեական գործ հարուցեն իր մրցակցի՝ նախկին փոխնախագահ, նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Ինքը՝ նախագահ Թրամփը, հերքում է իր հասցեին մեղադրանքներն ու պնդում, թե Բայդենի որդին Ուկրաինայում կոռուպցիոն գործարքների մեջ է ներքաշված եղել, սակայն այդ գործը չի քննվել, քանի որ նրա հայրը, ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելիս, ճնշում է գործադրել Ուկրաինայի գլխավոր դատախազի վրա:

XS
SM
MD
LG