Մատչելիության հղումներ

Թրամփը կրկին քննադատում է իմփիչմենթի գործընթաց նախաձեռնած դեմոկրատներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 2-ը հոկտեմբերի, 2019թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 2-ը հոկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի խնդրով ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը այսօր երեկոյան ցուցմունքներով հանդես կգա նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հիմքերը քննող Կոնգրեսի երեք հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստի ընթացքում:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վոլքերը Թրամփի իմփիչմենթի գործի առանցքային վկաներից մեկն է: Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի հաջորդ օրը, ըստ կոնգրեսականների, Վոլքերը, ինչպես նաև Եվրամիության կառույցներում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ` նրան խորհուրդներ տալով, թե ինչ քայլերի է հարկավոր դիմել նախագահ Թրամփի հնչեցրած պահանջից հետո:

ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդի Ջուլիանիի պնդմամբ էլ՝ հենց Վոլքերն է իրեն տրամադրել Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակի տվյալները, որի հետ էլ Ջուլիանին քննարկել է Կիևին ներկայացվող պահանջների ճակատագիրը:

Հիշեցնենք, ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկի ներկայացրած պաշտոնական բողոքի համաձայն՝ Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում ճնշում էր գործադրել իր ուկրաինացի պաշտոնակցի նկատմամբ` պահանջելով, որպեսզի պաշտոնական Կիևը հետաքննի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու` Հանթերի բիզնես գործունեությունը Ուկրաինայի տարածքում:

Թափ հավաքող այս հետաքննության ֆոնին, սակայն, նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ իմփիչմենթի գործընթացը հիմնված է ստի վրա և բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում:

«Այդ ամենը խաբեություն է, և գիտե՞ք, թե ով է այդ ողջ խաբեության թիկունքում: Այդ ամենի հետևում կոռումպացված լրատվամիջոցներն են», - դիմելով Reuters-ի թղթակցին՝ ասում էր Թրամփը:

Պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանած Ֆինլանդիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը վիճաբանության բռնվեց Reuters-ի` Սպիտակ տանը հավատարմագրված թղթակից Ջեֆ Մեյսոնի հետ: Թրամփին նյարդայնացրել էր հատկապես լրագրողի հետևողականորեն հնչեցրած մեկ հարցը․ - «Ի՞նչ էիք Դուք ցանկանում, որ Ուկրաինայի նախագահը աներ Բայդենի պահով»:

Թրամփը սկզբում ձևացնում էր, թե չի լսում հարցը, հետո էլ պահանջեց, որպեսզի լրագրողը հարցեր ուղղի ոչ թե իրեն, այլ Ֆինլանդիայի նախագահին: Սպիտակ տանը հավատարմագրված ամերիկացի լրագրողներին Ֆինլանդիայի նախագահի կարծիքը քիչ էր հետաքրքրում: Լրատվամիջոցները շարունակում էին ԱՄՆ նախագահին հարցեր ուղղել Կոնգրեսում ընթացող հետաքննության մասին:

Պատասխանելով այս հարցերին՝ Դոնալդ Թրամփը այս անգամ քննադատում էր ոչ միայն հետաքննությունը վարող կոնգրեսական Ադամ Շիֆին, այլև Ներկայացուցիչների տան խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսիին: Նա, ըստ Միացյալ Նահանգների նախագահի, չափազանց հեշտությամբ է կատարում իմփիչմենթի հարցով զբաղվող կոնգրեսական հանձնաժողովների` այս կամ այն պաշտոնյանին հարցաքննության կանչելու պահանջները:

«Տեսեք Նենսի Փելոսին ինչ է անում: Նա լսումներին ներկայանալու պաշտոնական ծանուցումները այնպես է բաժանում, կարծես դրանք թխվածքաբլիթներ լինեն», - հեգնում էր Թրամփը:

Իսկ այս ողջ պատմության մյուս գլխավոր հերոսը` նախկին փոխնախագահ և 2020-ի նախագահական ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակից Ջոզեֆ Բայդենը համոզված է` Սպիտակ տան ղեկավարի վերջին գործողությունները բացառապես նախընտրական տրամաբանության մեջ են տեղավորվում:

«Նա վախեցած է ջախջախիչ այն պարտության հեռանկարից, որ կարող է կրել ինձնից 2020-ի նոյեմբերին: Բայց և այնպես, ես հեռանալ չեմ պատրաստվում: Դուք ոչ ինձ, ոչ էլ իմ ընտանիքը շարքից չեք հանի: Ինձ միևնույն է, թե որքան գումար կծախսեք իմ դեմ ձեռնարկվող կեղտոտ հարձակումների վրա», - Նևադա կատարած այցի ընթացքում հեռակա կարգով դիմելով Թրամփին՝ հայտարարում էր Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG