Մատչելիության հղումներ

Թրամփի իմփիչմենթի հիմքերի հետաքննությունը թափ է հավաքում


Վլադիմիր Զելենսկի (ձ), Ջո Բայդեն (կ) և Դոնալդ Թրամփ
Վլադիմիր Զելենսկի (ձ), Ջո Բայդեն (կ) և Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին պարտավոր է սեղմ ժամկետներում Կոնգրեսի անդամներին ներկայացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա թիմակիցների հետ վարած բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը:

Դրանք, ըստ կոնգրեսականների, հնարավորություն կտան պարզել, թե արդյոք Սպիտակ տան ղեկավարը հուլիսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ճնշում է գործադրել իր ուկրաինացի պաշտոնակցի նկատմամբ` փորձելով ստիպել պաշտոնական Կիևին հետաքննություն սկսել նախկին փոխնախագահ և 2020 թվականի ընտրություններում իր ամենահավանական մրցակից Ջոզեֆ Բայդենի և նրա որդու դեմ:

Ուկրաինական իշխանությունների և Սպիտակ տան միջև այս հարցում միջնորդի դերն անցնող ամիսներին ստանձնել էր հենց Թրամփի փաստաբանը` արագորեն դառնալով հետաքննության առանցքային դերակատարներից մեկը:

ԱՄՆ նախագահի պաշտոնանկության հնարավորությունը հետաքննող կոնգրեսական երեք հանձնաժողովները պահանջում են, որպեսզի Ջուլիանին մինչև հոկտեմբերի 15-ը իրենց տրամադրի ուկրաինական կողմի հետ իր շփումներին առնչվող ողջ նամակագրությունը` ընդհուպ մինչև sms-հաղորդագրությունների տեքստերը:

«Ես դատարանի դահլիճում հանդես գալու որևէ փորձ չունեմ: Հրապարակային ելույթների ժամանակ էլ նյարդայանանում եմ: Իսկ այդ մարդիկ այնպիսի ինտելեկտուալ ծանրքաշայիններ են, որ ես անգամ չգիտեմ` կկարողանա՞մ Ադամ Շիֆի հարցերի տակից դուրս գալ թե ոչ: Չէ՞ որ նա այնքան հմուտ դերասան է», -Fox News-ին տված հարցազրույցում երկուշաբթի երեկոյան հեգնել է Ջուլիանին:

Ընդհանրապես նկատելի է, որ Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, Լոս Անջելեսի հայաբնակ շրջաններից ընտրված և հայկական խնդիրներին քաջածանոթ դեմոկրատ Ադամ Շիֆը այժմ նախագահի թիմակիցիների գրոհի հիմնական թիրախն է:

Անցած գիշեր Twitter-ում արված գրառմամբ նախագահ Թրամփը ևս քննադատեց Ադամ Շիֆին՝ պնդելով, թե նա Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ նենգափոխել է իր խոսքերը:

«Գուցե [նրան հարկավոր է] ձերբակալել դավաճանության համար», - գրել է Թրամփը:

Դրան զուգահեռ Սպիտակ տանը, աշխատանքի հարցերով նորանշանական նախարարի երդման արարողության ավարտին, Թրամփը զարգացրել է Twitter-ում արտահայտած միտքը՝ պնդելով, որ Ադամ Շիֆը ցանկանում է Զելենսկու հետ «հիանալի խոսակցության» ընթացքում իր հնչեցրած որոշ հայտարարությունները ներկայանցել միանգամայն այլ լույսի ներքո:

«Այդ հեռախոսազրույցն այնքան լավն էր, այնտեղ որևէ սխալ բան չկար: Դա հիանալի զրույց էր: Ադամ Շիֆը սակայն որոշեց, որ նման բան թույլ տալ չի կարելի և պարզապես հորինեց ամեն ինչ», - հայտարարել է Թրամփը` կրկին պնդելով, որ հայր և որդի Բայդենների դեմ հետաքննությունը ոչ թե քաղաքական հաշվեհարդարի փորձ է, այլ պայքար է կոռուպցիայի դեմ:

Ըստ ամենայնի առաջիկայում Թրամփի իմփիչմենթի հիքմերը քննող կոնգրեսական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կհայտնվի նաև պետքարտուղար Մայք Փոմփեոն: WSJ հեղինակավոր պարբերականի, ինչպես նաև մի շարք այլ ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ, Փոմփեոն ներկա է եղել Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների` հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցին, և կարող է կարևոր մանրամասներ հաղորդել դրա ընթացքի մասին:

Reuters-ի տեղեկություններով, կոնգրեսականները դեռ անցած ուրբաթ օրն են հայտարարել, որ պատրաստվում են Փոմփեոյին կանչել Կապիտոլիում` նրանից պաշտոնական ցուցմունք ստանալու ակնկալիքով: «Փոմփեոյից բացի, կոնգրեսականները լսումներին մասնակցության պաշտոնական հրավեր են ուղարկել նաև Պետդեպարտամենտի ևս հինգ բարձրաստիճան դիվանագետների», - պնդում է գործակալությունը:

XS
SM
MD
LG