Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բնականոն գործունեության հինգշաբաթյա սառեցումը, որ իրականացվել էր վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությամբ, անօրինական էր: Միացյալ Թագավորության Գերագույն դատարանի այս վճիռը այսօր կեսօրին Լոնդոնում ընթերցեց Բրենդա Հեյլը` երկրի բարձագույն դատական ատյանի նախագահը:
«Այսպիսով, դատարանը եզրակացնում է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու` թագուհուն տրված խորհուրդը օրինական չէր, քանի որ դրա հետևանքով օրենսդիր մարմնի սահմանադրական գործառույթները խաթարվել էին կամ խոչընդոտվել առանց ողջամիտ բացատրության», - նշում էր Գերագույն դատարանի նախագահը:
Հեյլը նաև ընդգծում էր, որ վճիռը կայացվել է միաձայն, և դրա օգտին են քվեարկել Միացյալ Թագավորության Գերագույն դատարանի բոլոր 11 անդամները: Դատավորների համոզմամբ՝ խորհրդարանի սառեցման վերաբերյալ կառավարության բացատրությունները իրավական տեսանկյունից հիմնավոր չեն եղել:
«Սա խորհրդարանի գործունեության այն սառեցումը չէր, որ սովորաբար կիրառվում է թագուհու ուղերձի նախաշեմին: Գործունեության դադարեցումը թույլ չի տվել խորհրդարանին սահմանադրորեն վերապահված իր ֆունկցիաները կատարել ամառային արձակուրդների և «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետի` հոկտեմբերի 31-ի միջև ընկած ութ շաբաթներից հինգի ընթացքում», - հայտարարում էր Գերագույն դատարանի նախագահը:
Համայնքների պալատի խոսնակը դատարանի վճռի հրապարակումից հաշվված րոպեներ անց հայտարարեց, որ խորհրդարանը բնականոն աշխատանքի կվերադառնա հնարավոր ամենամոտ ապագայում` վաղն առավոտյան:
«Ես ողջունում եմ Գերագույն դատարանի վճիռը, որը կայացվել է միաձայն և իր բնույթով միանշանակ է: Հստակորեն կայացված այս որոշման լույսի ներքո, ես հրահանգել եմ Համայնքների պալատի աշխատակազմին, որպեսզի խորհրդարանի աշխատանքի շարունակությանն ուղղված քայլեր ձեռնարկվեն: Համայնքների պալատի հաջորդ նիստը կկայանա վաղը առավոտյան ժամը 11:30», - հայտարարում էր Ջոն Բերքոուն:
Բրիտանական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, արդեն իսկ խոսում են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը հերթական, այժմ արդեն դատարանում կրած պարտությունից հետո չի կարող շարունակել պաշտոնավարումը: Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակից միակ ընդունելի ելքը արտահերթ ընտրություններն են:
«Գերագույն դատարանն իրավունք է տվել Համայնքների պալատի խոսնակին վերսկսել խորհրդարանի աշխատանքը: Ես դիմում եմ վարչապետ Բորիս Ջոնսոնին և կոչ անում նրան վերանայել իր իսկ դիրքը` դառնալով Մեծ Բրիտանիայում ամենակարճարտաև պաշտոնավարման ժամկետն ունեցած վարչապետը», - հայտարարում էր Քորբինը: