Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյան․ Նյու Յորքի բանակցություններին գնում ենք շատ հստակ մեր օրակարգով


Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զրուցում է լրագրողների հետ, Գյումրի, 21-ը սեպտեմբերի, 2019թ․
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զրուցում է լրագրողների հետ, Գյումրի, 21-ը սեպտեմբերի, 2019թ․

«Գիտեք մեր օրակարգը շատ լավ, գնում ենք շատ հստակ մեր օրակարգով», - այսօր Գյումրիում լրագրողները հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով երկուշաբթի օրը Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայանալիք բանակցությունների մասին:

Այդ օրակարգը, ըստ Մնացականյանի, «ներառում է բազմաթիվ հարցեր՝ սկսած մեր բովանդակային բանակցություններից, վերջացրած բոլոր այն կարևոր հարցերով, որոնք պետք է նպաստեն համապատասխան պայմաններին, միջավայրին, որի շրջանակներում մենք ապահովենք խաղաղ գործընթացը»:

«Այսինքն, մեր օրակարգը առավել քան պարզ է, մենք բազմիցս խոսել ենք և բազմիցս առիթ ենք ունեցել շատ հստակ արտահայտելու», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Առաջիկայում պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորության վերաբերյալ նախարարն ասաց․ - «Դեռևս չշտապենք, գիտեք, մենք հիմա կենտրոնացած ենք այս գալիք հանդիպմանը և դրանից հետո կկարողանանք տեսնել հաջորդ քայլերը: Շատ էական է՝ այս փուլը անցնենք, հետո կծրագրենք: Հիմա անմիջապես որ ասեմ՝ մենք արդեն տեսնում ենք հաջորդ քայլը ղեկավարների մակարդակով հանդիպման, մի քիչ շտապողականություն կլինի»:

Ադրբեջանում ազատազրկված ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի մասին Մնացականյանը հայտարարեց․ - «Գիտե՞ք ինչպես է, ես պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև սա խիստ մարդասիրական բան է՝ նրանք հանցագործություն չեն գործել, նրանք որևէ հանցանք չեն գործել, որը դուրս հանի նրանց մարդասիրական դաշտից, և էստեղ ամենաուղղակի ճանապարհը դա մարդասիրական քայլ իրականացնելն է և վերադարձնելն է»:

Նա նշեց նաև, որ տվյալ թեմայով նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ասածին ավելացնելու բան չունի: «Հիմա ես չեմ ուզենա որևէ նոր բան ավելացնել, դուք շատ լավ հասկանում եք, որ մի հարց է, որը բնականաբար մեր օրակարգում է, և բնականաբար ներգրավվածություն լինելու է այդ հարցով, քննարկում լինելու է», - ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարը երեկ չէր բացառել, որ Ադրբեջանում կալանավորված Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին կարող են փոխանակել Արցախում ցմահ և 22 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, ինչը առաջարկում է պաշտոնական Բաքուն: «Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշմամբ պետք է լինի», - ընդգծել էր Դավիթ Տոնոյանը:

XS
SM
MD
LG