Ադրբեջանի արտգործնախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այսօր մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունն ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը», - ասել է Նաղդալյանը:
Մամեդյարովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, երեկ հայտարարել է, թե «անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել: Մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք»:
«Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ», - նշել է Մամեդյարովը`պնդելով, որ այդ հայտարարության համաձայն հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: «Մնացյալը կարող է որոշվել դրանից հետո», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը: