Մատչելիության հղումներ

Մարտի 1-ը «Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ խարանն է»


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը այսօր ժամը 17-ին կհրապարակի որոշումը՝ կալանքից ազա՞տ արձակել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե՞՝ ոչ:

Քոչարյանի գործի, ինչպես նաև շաբաթվա մյուս ուշագրավ իրադարձությունների շուրջ բանավիճում են «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը և Հովհաննես Հովհաննիսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը և Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ստորև՝ հատված հաղորդումից․

«Ազատություն»․ - Պարոն Սիմոնյան, Դուք նաև փաստաբանական գործունեություն եք իրականացրել, վստահ եմ՝ նաև Դուք եք պնդել, չէ՞, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է ծայրահեղ դեպքերում ընտրվի: Սա այդ ծայրահեղ դեպքերի՞ց է հիմա, ըստ Ձեզ:

Տարոն Սիմոնյան․ - Ինչո՞ւ են կայացնում կալանքի որոշում՝ երբ որ գտնում են, որ անձը կարող է խուսափել քրեական հետապնդումից կամ ազդել գործի վրա: Իմ անձնական կարծիքով՝ ամբաստանյալի ազդեցությունը չի սահմանափակվում կալանավայրում լինելով կամ չլինելով․ բավականին ազդեցիկ անձնավորություն է, և նրա տեղակայման վայրը կարևոր չէ ազդեցությունը տարածելու համար: Բայց դատարանը ինքը պետք է համադրի փաստերը և դրա հիման վրա որոշում կայացնի:

«Ազատություն»․ - Դուք քաղաքական հետապնդման ինչ-որ տարր տեսնո՞ւմ եք այս գործում:

Սիմոնյան․ - Գիտե՞ք, էս գործը էն գործերից մեկն է, որտեղ կարմիր գծով գնում է քաղաքական հետապնդման հնարավոր դրսևորում: Դրա համար, մեզնից յուրաքանչյուրը և հատկապես իրավապահ համակարգը և հատկապես դատական համակարգը էնքան նրբորեն պետք է մոտենա, որ հանկարծ ընթացակարգային խախտումներ չկատարի, որի հետևանքով մեծանա քաղաքական հետապնդման հավանականությունը:

«Ազատություն»․ - Բայց բուն շարժառիթը հիմա չեք համարում քաղաքական՝ քրեական գործի հարուցման, մեղադրանքի առաջադրման․․․

Սիմոնյան․ - Ես իրավական գործընթաց եմ այստեղ տեսնում, որը հնարավորություն ունի դառնալու քաղաքական:

Հովհաննես Հովհաննիսյան․ - Բացառապես չեմ կիսում էն կարծիքը, որ կալանքի տակ մնալով և կալանքից դուրս՝ ազատության մեջ լինելով տարբերություն չկա, երբ խոսում ենք, ինչպես պարոն Սիմոնյանը նշեց, նման ազդեցիկ մարդու մասին, որը տարիներ շարունակ եղել է իշխանության գլուխ և տոտալ իշխանության գլուխ է եղել և այս պարագայում, բնականաբար, իր ազդեցությունը կունենա կալանքի տակ լինելը կամ չլինելը, ինչպես նշեց, դատախազը մեղադրական խոսքում նշեց, որ եթե լինի ազատության մեջ, ապա գործին վնաս կհասցնի:

Գայանե Աբրահամյան․ - Խոսում ենք Մարտի 1-ի գործի, ընդհանրապես՝ արդյո՞ք սա քաղաքական է և քաղաքական չէ՞: Սա մեր պատմության՝ Երրորդ Հանրապետության ամենամեծ խարանն է, և հեղափոխությունից հետո այս գործը որևէ կերպ հնարավոր չէ, որ չբացահայտվեր և սրան անդրադարձ չկատարվեր: Հետևաբար, նաև այս գործը՝ Քոչարյանի մասնակցությամբ և մյուսների մասնակցությամբ, ուղղակիորեն պետք է բացվեր: Այսինքն, էստեղ ասել, որ վրեժ է, վրեժխնդրություն է, ուղղակի անհեթեթ կարող է դիտարկվել, եթե մենք այսօր խոսում ենք Քոչարյանի դեպքում՝ անձեռնմխելիություն, այդ դեպքում մենք տալիս ենք որոշակիորեն հետագայում մեսիջ և ինդուլգենցիա, հաջորդ բոլոր իշխանություններին կրակելու իրավունք: Սա ամենավտանգավորն է, որովհետև սահմանադրական կարգի խախտումը բավական լուրջ հանցագործություն է, և այս առումով չի կարող գործել որևէ անձեռնմխելիություն:

Լարիսա Ալավերդյան․ - Դուք արդեն խախտեցիք անմեղության կանխավարկածը: Հիմա, հենց Դուք հիմա ասեցիք, որ՝ կրակելու ինդուլգենցիա, դա ապացուցված չի: Խոսքը գնում է միայն կալանքի մասին՝ կալանքը կամ այլ խափանման միջոց: Եվ ահա այդ խառնաշփոթը․․․ Դուք գործ ունեք շատ մեծ խնդրահարույց մի հարցի հետ, և Մարտի 1-ը, կներեք, ես եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, երկու կողմի խնդիր է, և միայն այն, որ այսօր դատվում է մեկ կողմը, բերում է էդ խնդրին:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG