Մատչելիության հղումներ

Մասնագետների կարծիքով, միայն հայաստանյան լաբորատորիաների ուժերով անհնար է լիարժեք դաշտային փորձաքննություն իրականացնել


Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն առաջիկա օրերին կսկսի ստուգումներն Ամուլսարի հանքավայրում:

Ինչից հետո, ըստ վարչապետի հանձնարարության, պետք է պարզ դառնա՝ կասեցնե՞լ «Լիդիան»-ի փորձաքննական ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փաստաթուղթը և ընդերքօգտագործման իրավունքը, թե՞ հանքը կարող է շահագործվել։

Տեսչակական մարմնի ղեկավարը շեշտել էր, որ կատարվելու են նաև դաշտային ստուգումներ։

Արդյո՞ք Հայաստանն ունի համապատասխան լաբորատոր հզորություններ:

«Տեսչական մարմինը այսօրվա դրությամբ չունի լաբորատոր սարքավորումներ և չի կարողանա իրականացնել: Բայց դա այդպես չի, քանի որ ստուգումների իրականացման ընթացքում մենք տարբեր կառավարման մարմինների հետ ենք աշխատում, և եթե լինեն հարցեր, այո, հնարավորություն ունենք, որպեսզի ուղարկենք միջազգային փորձաքննությունների», - ասում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը:

Նա հավելում է, որ իրենց ենթակայությունից դուրս լաբորատորիաներ կան, որոնց հետ համագործակցել կարող են։ Այն, ինչ իրենցն՝ 70-ականներից սկսած հազվադեպ է համալրվել:

Բնապահպանական տեսչության լաբորատորիայի վարիչ Գայանե Շահբազյանը ամերիկյան սպեկտրոֆոտոմետրն է ցույց տալիս, որ արդեն հին սերնդի է, բայց ջրերի մոտավոր վիճակը սրանով պարզել կկարողանան։

Լաբորատորիայի 6 հոգանոց անձնակազմը հենց այս միակ սարքի հույսին է: Աշխատող այլ տեխնիկա չկա, շենքն էլ քայքայված ու կոյուղաջրի մեջ է, որի բաղադրությունը կարող են ստուգել:

Տեսչության լաբորատորիայում վստահ չեն, թե Ամուլսարի բարդ փորձաքննություններին կկարողանան մասնակցել. - «Եթե մեր պայմանները բավարարեն, պատրաստ ենք» (Գայանե Շահբազյան):

Բոլորովին հակառակ պատկեր է «Ռեֆերենս» լաբորատորիայում․ սա Առողջապահության նախարարության ենթակայությամբ է գործում, բացառիկ է նաև տարաշածրջանում: Լաբորատորիան այնքան հագեցած է նորագույն սարքավորումներով և այնքան փակ է գործում, որ պարբերաբար լուրեր են պտտվում, թե այստեղ կենսաբանական զենք է ստեղծվում:

«Բազմաթիվ հանձնաժողովներ ենք ընդունել ու ճանապարհել: Ոչ մեկի մոտ այստեղից դուրս գալիս գոնե մի տոկոսի կասկած չի ունեցել», - ժպիտով ասում է լաբորատորիայի տնօրեն Սերգեյ Կարապետյանը:

Հատուկ վտանգավոր պաթոգեն միկրոբներով զբաղվող «Ռեֆերենս» լաբորատորիայում գործում է նաև քիմիական լաբորատորիա, որտեղ կարող են հետազոտել հանքարդյունաբերության հետևանքով միջավայրում՝ օդում, ջրում, հողում, մթերքի կամ մայրական կաթի մեջ հայտնված բոլոր մետաղները:

«Բոլոր սարքավորումները շատ ժամանակակից են համաշխարհային անալիտիկ գործընթացի հետ համեմատած ցանկացած երկրի», - պնդեց լաբորատոր կենտրոնի քիմիական լաբորատորիայի վարիչ Նաիրա Հախվերդյանը:

Պղինձ, ցինկ, մոլիբդեն, սնդիկ. հետազոտությունները հենց այս հատվածում են իրականացվում: Հախվերդյանն ասում է, որ Բնապահպանական տեսչութունը նախկինում դիմել է իրենց, սակայն Ամուլսարի հետ կապված որևէ հետազոտության առաջարկ դեռ չեն ստացել:

Տեսչության պետը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում են օգտվել նաև «Ռեֆերենս»-ի հնարավորություններից:

Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի լաբորատորիան հին շենքային պայմաններում է, բայց սարքավորումներ կան։ Կարող են ստուգել Մենդելեևի աղյուսակի հիմնական ծանր մետաղների պարունակությունը հողում, ջրում, օդում: Փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը այնուամենայնիվ շեշտում է, որ շրջակա միջավայրի բաղադրիչներով զբաղվող միջազգային հավաստագրում ունեցող լաբորատորիա Հայաստանում չկա, և սա է պատճառը, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ում հիմնականում դրսում արված հետազոտական ցուցանիշներ են:

Ըստ կենտրոնի փոխտնօրենի, իրենք աղտոտման միտումները, ելակետային տվյալների փոփոխությունները ֆիքսել կարող են, ավելին՝ ոչ․ - «Որպեսզի մենք կարողանանք մոդելավորել, պատճառահետևանքային կապեր գտնել կամ փոխազդեցություններ որոշել, դրա համար մի քիչ այլ կարգի՝ ոչ մոնիտորինգային, գիտահետազոտական ուսումնասիրություններ է պետք իրականացնել»:

Նրա խոսքով, հայաստանյան լաբորատորիաները նաև ստորերկրյա ջրերի իզոտոպային ուսումնասիրություն անել չեն կարող: Տեսչությունն անհրաժեշտության դեպքում պետք է գնա «Լիդիան»-ի նույն՝ արտերկրի փորձաքննությունների ճանապարհով:

«Այս պահի դրությամբ Որոտան-Արփայի ավազանում մաքուր գերազանց ջրեր են», - ասում է Գայանե Շահնազարյանը։ Մոնիտորինգային կենտրոնում ամենուր պարզ ու պղտոր ջրեր են: Կապարով մոլիբդենով ու պղնձով ծանրացած են այն գետերի ջրերը որոնց տարածքում հանքներ են․ - «Հանքարդյունաբերության ազդեցությունը հատկապես զգալի է Ողջի գետի վրա, Ախթալա գետի վրա, Շնող գետի վրա: Այսինքն՝ բոլոր այն հատվածներում, որտեղ մենք ունենք հանքարդյունաբերական կենտրոններ: Եվ այդ հատվածներում գետերի ջրերի որակը հինգերորդ դաս է, վատ որակ է»:

Մոնիտորինգային կետրոնում ամենամսյա նմուշառումներ են անում բոլոր հանքավայրերի տարածքի գետերից: Արձանագրումը հետևյալն է՝ բարեխիղճ հանքարդյունահանող առայժմ չկա. գետերը ակունքներում զուլալ են, հանքերի տարածքում վերածվում են թափոնատարի։

XS
SM
MD
LG