Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կմեկնի Անկարա, որտեղ գումարվում է թուրք-ռուս-իրանական հերթական եռակողմ գագաթնաժողովը Սիրիայի հարցով: Կողմերն այս ձևաչափով հանդիպումները սկսել են դեռ երկու տարի առաջ, այս անգամ օրակարգի գլխավոր հարցն է Իդլիբում ստեղծված իրավիճակը:
Մի քանի շաբաթ է՝ Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, լայնածավալ հարձակումներ են իրականացնում հյուսիսարևմտյան այս նահանգում հաստատված զինյալների դեմ: Թուրքիայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող այս տարածքը նախագահ Բաշար ալ-Ասադի վերահսկողությունից դուրս մնացած վերջին կետերից մեկն է, որը ռազմավարական նշանակություն ունի Դամասկոսի համար՝ այստեղով են անցնում երկու խոշորագույն մայրուղիները, որոնք կապում են Հալեպն ու Համան Միջերկրականի ափին գտնվող Լաթաքիայի հետ:
Անկարան, սակայն, մտավախություն ունի, որ ռազմական այդ գործողություններից հետո փախստականների հերթական հոսքը կսկսվի Թուրքիա, որտեղ արդեն իսկ 3,5 միլիոն սիրիացիներ են ապաստանել:
«Ռուսաստանի ու Իրանի նախագահների հետ իմ առաջիկա հանդիպումից ակնկալիքս նախ կայուն հրադադարն է, բայց ոչ միայն դա», - նախօրեին Reuters լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շարունակելով․ - «Նախ՝ փախստականների հոսքը պետք է կանգնեցվի, դա իսկապես կարևոր է: Երկրորդ՝ հրադադարը պետք է երաշխավորվի, և երրորդ՝ ահաբեկչական խմբավորումները պետք է լուրջ վերահսկողության տակ առնվեն: Եթե մենք այստեղ զինադադար չհաստատենք, շատ զոհեր կլինեն, մինչ օրս հարյուրավոր, հազարավոր խաղաղ բնակիչներ են արդեն սպանվել»:
Սիրիայի հարցով եռակողմ բանակցություններից բացի նախատեսված է նաև երկկողմ հանդիպում Պուտինի և Էրդողանի միջև: Բանակցությունների նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե ռուսական կողմն ավարտել է S-400-ների (С-400) մատակարարման երկրորդ փուլը, և համակարգերը կգործարկվեն արդեն հաջորդ տարվա ապրիլին: Ռուսների հետ այս գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնը Թուրքիային դուրս էր թողել արդիական F-35 կործանիչների ծրագրից ու անգամ սպառնացել պատժամիջոցներ սահմանել, եթե Անկարան այդ համակարգերից չհրաժարվի: Էրդողանը նախօրեին կրկին մերժել է Վաշինգտոնի պահանջը, հույս հայտնելով, թե կկարողանա հարթել ճգնաժամը Դոնալդ Թրամփի հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ:
«Մենք՝ ես և նախագահ Թրամփը, շատ կշռադատված, շատ թափանցիկ ու բաց ենք եղել մեկս մյուսի հանդեպ: Մենք առանձնահատուկ վստահություն ունենք միմյանց նկատմամբ, և կարծում եմ, որ Նահանգներում կայանալիք հանդիպման ժամանակ դա կվերահաստատենք»», - ասել է Թուրքիայի նախագահը:
Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ այսօր Անկարայում նախատեսված բանակցություններից հետո՝ սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահը հանդիպում կունենա Սպիտակ տան ղեկավարի հետ: Թրամփն ու Էրդողանը, ըստ հաղորդումների, կբանակցեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: