Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե պատրաստվում է այս ամիս հանդիպել Միացյալ Նահանգների առաջնորդին ու քննարկել ռուսական S-400-ները գնելու պատճառով երկկողմ հարաբերություններում սկիզբ առած ճգնաժամը:
«Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփի հետ իմ անձնական կապերը թույլ կտան հաղթահարել այդ տարաձայնությունները», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ռոյթերս»-ին տված բացառիկ հարցազրույցում:
«Մենք մեր հարաբերություններում շատ կշռադատված, շատ թափանցիկ ու բաց ենք եղել, այդ պատճառով էլ մենք երկուսս միմյանց հանդեպ առանձնահատուկ վստահություն ունենք, և կարծում եմ, որ Ամերիկայում սպասվող մեր բանակցությունների ընթացքում կվերահաստատենք դա», - ասել է Էրդողանը:
Ամիսներ առաջ Վաշինգտոնը սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր գնելու համար, պնդելով, թե այդ քայլով Անկարան վտանգի տակ է դնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությունը: Այս ամսվա վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, Թրամփի հետ ակնկալվող հանդիպումից առաջ Էրդողանը պնդել է. «Հուսով եմ՝ մեզ կհաջողվի խուսափել նման սխալներից»: