Մատչելիության հղումներ

Պուտինը, Ռոհանին և Էրդողանը համակարծիք են՝ Իդլիբը պետք է ազատել «ահաբեկիչներից»


Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սոչիում, 14-ը փետրվարի, 2019թ․
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սոչիում, 14-ը փետրվարի, 2019թ․

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների երեկվա գագաթնաժողովը Սոչիում նվիրված էր սիրիական ճգնաժամին։ Ուշադրության կենտրոնում երկու հարց էր. իրավիճակը Իդլիբ նահանգում և Սահմանադրության հարցերով հանձնաժողովը։

Մինչև գագաթնաժողովը Վլադիմիր Պուտինը երեկ նաև երկկողմ հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Իսկ եռակողմ հանդիպումը սկսելիս՝ Պուտինը հայտարարել է, թե հուսով է, որ կկարողանան պայմանավորվել Իդլիբի շուրջ, քանի որ իրավիճակն այդ նահանգում մտահոգիչ է։

Իրանի նախագահ Ռոհանին այդ հանդիպմանը, մասնավորապես, ասել է, որ մի քանի ամիս առաջ ահաբեկիչները վերահսկում էին նահանգի 20 տոկոսը, այսօր արդեն՝ 100 տոկոսը։

Թե՛ Էրդողանը, թե՛ Պուտինը հայտարարել են, որ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները պետք է արդյունավետ շարունակել, Պուտինը նույնիսկ հայտարարել է, որ Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելը ամենևին էլ չի նշանակում, որ այնտեղ պետք չէ պայքարել ահաբեկիչների դեմ։ Ահաբեկիչներ Ռուսաստանը համարում է «Ջաբհաթ ան-Նուսրա» զինված խմբավորումը, որն այսօր վերահսկում է Իդլիբ նահանգի մեծ մասը։

Սոչիում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ նահանգը պետք է ազատել ահաբեկիչներից։ Ռուսաստանցի լրագրողները նկատում են, որ երեկվա գագաթնաժողովին Թուրքիայի նախագահը գրեթե չի քննադատել Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադին։ Փոխարենը, Էրդողանն առաջարկել է հաջորդ նման ձևաչափով գագաթնաժողովը անցկացնել Թուրքիայում։

«Իրավիճակն այնպիսին է, որ արդյունավետ լինելու համար պետք է ակտիվ շփվել և շարունակել նման հանդիպումները», - երեկ հայտարարել են երեք նախագահները։

Իրավիճակը Սիրիայում փոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությունից հետո, թե Միացյալ Նահանգները հանում է իր զորքերը Սիրիայի տարածքից։

Անդրադառնալով այս հարցին՝ Պուտինն ասել է, որ, իհարկե, ողջունում է զորքերը Սիրիայից դուրս հանելու Թրամփի հայտարարությունը, սակայն վստահ չէ, որ դա նրան կհաջողվի։

«Մենք տեսնում ենք, որ Թրամփը կատարում է իր նախընտրական խոստումները, որոնցից մեկն էլ՝ դուրս հանել ամերիկյան զորքերը Սիրիայից, բայց ներքին իրավիճակը Միացյալ Նահանգներում այնպիսին է, որ միշտ չէ, որ Թրամփին հաջողվում է հասնել իր նպատակին: Ինչ կլինի՝ մենք չգիտենք։ Այսօր կարող ենք փաստել, որ լուրջ փոփոխություններ չկան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի այս համագործակցությունից ամենից շատ, փորձագետների կարծիքով, շահում է Ասադը, քանի որ կարողանում է ամրապնդել իր դիրքերը երկրում։ Այդուամենայնիվ, փորձագետները փաստում են, որ չնայած հաճախակի դարձած այդ հանդիպումներին, Սիրիայի հարցում տարաձայնությունները Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի միջև պահպանվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG