Մատչելիության հղումներ

Հեմոդիալիզի պարագաների մրցույթի գործով ձերբակալված ՊՎԾ վարչության գլխավոր մասնագետն ազատ է արձակվել


Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Պետական վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Փետրվարից ձերբակալած Գևորգ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Փաստաբան Արման Արզումանյանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, թե իր վստահորդը գործել է օրենքի շրջանակներում:

Առայսօր դեռ ձերբակալված է ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Նրա փաստաբանը նույնպես պնդել է, որ պատպանյալը չի ընդունում իր մեղքը:

«Էդ մարդիկ ուզեցել են անել հետևյալը՝ դաշտը օրինականացնել, այսինքն հավասար պայմաններ ստեղծել բոլոր ընկերությունների համար, որպեսզի մի ընկերություն գերիշխող դիրք չունենա տարիներ շարունակ։ Մի ընկերություն տարիներ շարունակ միայն ինքն է մրցույթներում հաղթող ճանաչվել, ինքը սպասարկում իրականացրել, հիմա էդ կարծրատիպը կոտրելու համար էս կողմից միջոցներ են ձեռնարկվել, որի արդյունքում փաստորեն իրանց դեմ է ուղղվել», - ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականյանը:

Դեռ ձերբակալված է նաև «Զովաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը, որն ըստ ԱԱԾ-ի՝ ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի հետ փոխկապակցված ձեռնարկատեր է:

Հեմոդիալիզի սաքրավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյան փետրվարին հանդես էր եկել ՊՎԾ-ի պետ Դավիթ Սանասարյանին հասցեագրած հայտարարությամբ՝ պնդելով, թե «պետական մակարդակով բիզնես են խլում իրենից»: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս գործով իր ձեռքի տակ ունեցած տեղեկությունները փոխանցել էր ԱԱԾ:

Դրան հաջորդել էր ԱԱԾ-ի հայտարարությունը, ըստ որի՝ այս գործի շրջանակներում ձերբակալվել են 3 անձ՝ երկուսը ՊՎԾ պաշտոնյաներ, մյուսը՝ «Զովաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG