Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել հեմոդիալիզի գործով մեղադրյալ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ադյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, և չի բացառվում, որ նա այդ օրն ազատ կարձակվի։
Գլխավոր դատախազությունն արդեն բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը։
Փետրվարի վերջին ԱԱԾ-ն հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։ Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության երկու աշխատակցի՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, որն ստորագրությամբ ազատ է արձակվել։
ՊՎԾ պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով անցած շաբաթ մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, նրա լիազորությունները կասեցվել են: