Գյումրիում հայտնաբերվել է ռուսաստանցի զինծառայողի դի, այս մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմնի վրա քերծվածքներ են հայտնաբերվել:
ՀՀ Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ռուս զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար: Զինծառայողի ինքնության մասին տվյալներ չեն հաղորդվում:
Ռուսական ռազմական բազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին կնքված պայմանագրով, որը կգործի մինչև 2044 թվականը: 1999 թվականից ի վեր Շիրակի մարզում ռուսական ռազմաբազայի անփույթ գործողությունների հետևանքով կամ զինծառայողների ձեռքով 12 մարդ է զոհվել։
2015 թվականին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի, այդ թվում 2 մանկահասակ երեխաների սպանությունից հետո ռուսական կողմը վստահեցրեց, որ ռազմաբազայում ծառայողները հիմնականում կլինեն պայմանագրային և կհամապատասխանեն պահանջվող չափանիշներին։
Հերթական ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին: Առավոտյան աշխատանքի գնալիս դաժան ծեծի էր ենթարկվել գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը, ով մահացել էր հիվանդանոցում։ Նրա մահվան գործով կալանավորված է ռուս զինծառայող: